Հարս ու սկեսուր փակել են տղամարդուն ավտոտնակում, նրանց ամուսինները՝ ծեծի ենթարկել. վերջինս մահացել է

Օգոստոսի 16-ին մահվան դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:20-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել մարզի բժշկական կենտրոններից մեկին և հայտնել են, որ «անգիտակից վիճակ, քթի շրջանի վերք» ախտրոոշմամբ ժամը 17:55-ի սահմաններում շտապօգնության բժիշկների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության բաժնի ավագ համայնքային ոստիկանը, որին բժիշկները հայտնել են, որ տեղափոխվածը վերակենդանացման բաժանմունքում կարճ ժամանակ անց մահացել է:
Ոստիկանության բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 51-ամյա Օլեգ Վ.-ն է:
Կարճ ժամանակ անց ոստիկանության բաժնում մահացածի 22-ամյա որդին հայտնել է, որ մարզերից մեկի բնակիչներ 63-ամյա Հովիկ Հ.-ն, նրա կինը՝ 58-ամյա Թամարա Դ.-ն, նրանց որդին՝ 36-ամյա Միքայել Հ.-ն և նրանց հարսը՝ 32-ամյա Տիրուհի Մ.-ն, օգոստոսի 14-ին վերջիններիս պատկանող ամառանոցի բակում երեխային համբուրելու հարցի շուրջ վիճաբանել են իր հոր հետ, որի ժամանակ Տիրուհի Մ.-ն և Թամարա Դ.-ն նրան փակել են ավտոտնակում, իսկ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Միքայել Հ.-ի և Հովիկ Հ.-ի հետ ծեծի ենթարկել, ինչի պատճառով էլ հայրը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դեպքի այլ հանգամանքներ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն հրապարակվում:
Նշված քրեական վարույթի շրջանակներում կան նաև հայտնաբերված այլ անձինք:
Կարծիքներ