Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարար

Իրան-Իսրայել հակամարտությունը առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ցավոք, մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության հարցում միշտ եղել է հստակ՝ մենք եղել ենք խաղաղության ջատագով, բայց տեսնում ենք, որ ոչ բոլոր դեպքերում են դա հաջողվում»,- ընդգծել է նախարարը։
Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ կառավարությունն այս իրավիճակում չի կենտրոնանում միայն Իրանում գտնվող հայերի վրա, այլ նաև պատրաստ է աջակցել այլ պետությունների քաղաքացիների տարհանման գործընթացին։
«Քանի որ խոսքը հումանիտար հարցի մասին է, մենք մասնակցում ենք նաև այլ երկրների քաղաքացիների տարհանման կամ ապաստան տալու գործընթացին։ Օրինակ՝ օգնել ենք Հնդկաստանի ուսանողների խմբին անցնել ՀՀ սահմանը և վերադառնալ իրենց հայրենիք։ Նման աջակցություն ստացել են նաև Զիմբաբվեի, Չինաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիներ։ Այս գործընթացը շարունակական է, և ինչպես կարող ենք գնահատել առաջիկա օրերին միայն ծավալները կավելանան»,- ասել է Միրզոյանը։
Կարծիքներ