Ապրիլից հայկական ատոմակայանը, մեծ հավանականությամբ, դուրս կգա էներգահամակարգից 5 ամսով. ՏԿԵ նախարար

Ապրիլից հայկական ատոմակայանը, մեծ հավանականությամբ, դուրս կգա էներգահամակարգից 5 ամսով. ՏԿԵ նախարար

«Ապրիլից, մեծ հավանականությամբ, Հայկական ատոմակայանը 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից, բայց նաև հաշվի առնելով այլ հզորությունների գոյություն ունենալը, որոնք մենք օգտագործում ենք ոչ ամբողջական ծավալով, մեր էներգետիկ համակարգում խնդիրներ և պրոբլեմներ չեն առաջանա»:

Այս մասին նախարարության 2025 թվականի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ նշելով, որ 5 ամիսը երկար ժամկետ է, բայց անսովոր երկար չէ, դա պլանավորված է, և տարվա ընթացքում լինում են կարճ վերանորոգման աշխատանքներ՝ մոտավորապես 1 ամսից մինչև 40 օր տևողությամբ, որոշակի պարբերականությունը մեկ լինում են նաև պլանավորված երկար դադարներ:

«Շուրջ 1100 մեգավատտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ կան միացված արևային ցանցին, ինչն էականորեն մեծ է: Նախորդ տարվա մեր արտադրած էներգիայի շուրջ 15 տոկոսն արտադրվել է այդ կայանների կողմից (մի փոքր ավելի պակաս, քան 15 տոկոսը): Իհարկե, դրանք մեզ հնարավորություն կտան պահել (էներգահամակարգը) անխափան վիճակում: Որպես այդպիսին, սա պլանավորված գործողություն է, որը մենք իրականացնում ենք շահագործման ժամկետի երկարացման համար որոշակի ժամկետը մեկ»,- մանրամասնել է նախարարը:

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան գծին, ապա նախարարը հույս է հայտնել, որ 2026-ին գծի կառուցումը կավարտվի, և այն կմիանա Հայաստանի էներգետկ համակարգին՝ այդպիսով հնարավորություն տալով ավելի մեծ ծավալի էլեկտրաէներգիա արտահանել Իրանի Իսլամական Հանրապետություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում