Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների. Պեսկով

Ռուսաստանը կնախընտրեր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորել դիվանագիտական ​​ճանապարհով և պատրաստ է բանակցությունների, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Նա այդ մասին հիշատակել է՝ ճեպազրույցում մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքը Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին և ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին ռուսական նավթից հրաժարվելու կոչը։

«Մենք պահպանում ենք մեր դիրքորոշումը, մենք պահպանում  ենք բաց լինելու սկզբունքը բանակցային գործընթացի համար։ Մենք նախկինի նման հայտարարում ենք, որ մեզ համար նախընտրելի է ուկրաինական ճգնաժամի կարգավորումը քաղաքական- դիվանագիտական ​​միջոցներով։ Ուստի այստեղ, մեր դիրքորոշումը լավ հայտնի է, այն ոչ մի կերպ չի փոխվել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Մեկնաբանելով ԵՄ-ի կողմից սահմանափակող միջոցառումների նոր փաթեթի նախապատրաստումը՝ Պեսկովը հայտարարել է, որ  Եվրամիությունը և նրա շատ անդամ երկրներ առանձին շարունակում են թշնամական գիծը Ռուսաստանի դեմ՝ սխալմամբ կարծելով, թե պատժամիջոցները կարող են ազդել Մոսկվայի դիրքորոշման վրա: 

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ենթակա չէ այդ պատժամիջոցների ազդեցությանը: 

«Վերջին երեք տարիներին դա պերճախոս կերպով ցույց են տվել նախորդ 18 փաթեթները», - ասել է նա՝ նշելով, որ այդ պատժամիջոցներն, ակնհայտորեն, վնաս են հասցրել հենց  Եվրամիության տնտեսությանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում