Վերջնական լուծումները լինելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում. Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին

Վերջնական լուծումները լինելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում. Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ ընթացակարգերով և սկզբունքներով է Հայաստանի տարածքով կազմակերպվելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը՝ համաձայն Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ նահանգների ստորագրած եռակողմ հռչակագրի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ կապը Հայաստանի տարածքով ապահովելու պրոցեսում այդ ճանապարհով անցնող անձանց տվյալները հասանելի՞ են լինելու Հայաստանի պետական մարմիններին, սահմանապահներին, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իրավիճակը ճիշտ գնահատելու և հասկանալու համար պետք է ոչ թե կռահումներ անել, այլ հենվել այն փաստաթղթերի վրա, որոնք ստորագրված են։ 

«Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև այս պահին գոյություն ունեն միայն այն փաստաթղթերը, որոնք ստորագրված են։ Եվ ընդհանուր նախագծի հետ կապված որևէ այլ փաստաթուղթ, պայմանավորվածություն գոյություն չունի»,- ասել է վարչապետը։ 

Նա մեջբերել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած հռչակագրի երրորդ կետը. 

 «Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։ 

Փաշինյանը շեշտել է, որ հետագայում ինչպիսիք էլ լինեն լուծումները, որոնց շուրջ կլինեն խոսակցություններ, բանակցություններ, մանրամասներ, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում, և փոխադարձության սկզբունքը պետք է աշխատի։ 

«Ես ինչո՞ւ եմ այսպես պատասխանում, որովհետև մենք այս փուլում չենք մտել դետալների մեջ, և ճիշտ ենք արել, որովհետև դետալները կախված են գլոբալ հարցերի նկատմամբ վերաբերմունքից, իսկ գլոբալ հարցերին ոչ միայն անդրադարձել ենք, այլև համաձայնեցրել ենք և ստորագրել, հետևաբար, ինչպիսիք էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության սկզբունքների շրջանակներում և գործեն փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Կարծում եմ, որ այստեղ տարընթերցումների տեղ ընդհանրապես չկա»,- եզրափակել է նա։ 

Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած համատեղ հռչակագրի չորրորդ կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Կողմերը հաստատում են իրենց վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար։ Հենց այս ծրագրի շրջանակներում էլ իրականացվելու է Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում