Կրակոցներ՝ Արագածոտնի մարզում. Ղազարավան գյուղի 3 բնակիչ, այդ թվում՝ մեկ կին, հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են

Այսօր՝ հուլիսի 26-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ժամը 02։40-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ստորին ծայրանդամների մակերեսային, կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Պարզվել է, որ վիրավորը Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի բնակիչ 52-ամյա Վարդուհի Հակոբյանն է։ Նույն պահին «աջ ոտնաթաթի կետային բազմակի վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվում ևս 1 քաղաքացի, որն նույն գյուղի բնակիչ 28-ամյա Գոռ Հակոբյանն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 3-ին «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվում «ձախ այտի քերծվածքներ» ախտորոշմամբ մի քաղաքացի։ Աշտարակի ոստիկանները պարզում են, որ նա նույն գյուղի բնակիչ 30-ամյա Գնել Հակոբյանն է։
Ըստ սկզբնաղբյուրի հաղորդած տեղեկությունների՝ ժամը 02։00-ի սահմաններում Ղազարավան գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում նույն գյուղի բնակիչ 26-ամյա Տիգրան Սարգսյանը և Աշտարակ քաղաքի բնակիչ 28-ամյա Գուրգեն Մովսիսյանը վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ Գ․ Մովսիսյանը իր բարեկամին պատկանող ԻԺ-43 տեսակի 16 մմ տրամաչափի հրազենով կրակում է Տ․ Սարգսյանի ուղղությամբ, ապա հետապնդելով նրան, գյուղի 1-ին փողոցի 7-րդ փակուղում կրկին կրակում է նրա ուղղությամբ, ինչի հետևանքով Վարդուհի, Գոռ և Գնել Հակոբյանները ստանում են հրազենային տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված պարկուճներ, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։ Ոստիկանները հայտնաբերել են Տ․ Սարգսյանին և նրան ներկայացրել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ Գ․ Մովսիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Կարծիքներ