Կեցցե՛ Եվրոպայի խորհուրդը, կեցցե՛ ժողովրդավարությունը, կեցցե՛ երկխոսությունը, կեցցե՛ խաղաղությունը. վարչապետ

Կեցցե՛ Եվրոպայի խորհուրդը, կեցցե՛ ժողովրդավարությունը, կեցցե՛ երկխոսությունը, կեցցե՛ խաղաղությունը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում:

Իր ելույթում վարչապետն ասել է հետևյալը.

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգարժան նախագահ,
Հարգարժան գլխավոր քարտուղար,
Հարգարժան խորհրդարանականներ, դեսպաններ, տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդի նման հեղինակավոր կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի առաջ ելույթ ունենալու այս հնարավորության համար։

Հայաստանի Հանրապետությունում ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն ընդունում և ընկալում են որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների պահապան ու պաշտպան։

ԵԽԽՎ բանաձևերը Հայաստանի ժողովրդավարության դժվար ճանապարհի մշտական ուղեկիցն են։ Շատ դեպքերում մարդիկ Հայաստանում անհամբերությամբ ու լարվածությամբ են սպասել դրանց ընդունմանը` ընտրությունների կեղծումների, հավաքների արգելքների, քաղբանտարկյալների ազատության, արդարադատության ներպետական հույսերը սպառած համարելով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս շատ կարևոր վճիռ կայացրեց 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի գործով՝ արձանագրելով նրանց կյանքի իրավունքի խախտումը պետության կողմից, նրանց մահվան հանգամանքների վերաբերյալ քննության անարդյունավետ լինելը։

Վերջին տարիներին դատարանը կարևոր որոշումներ է կայացրել 2008 թվականի Մարտի 1–ի հետևանքով անազատության դատապարտված քաղաքական գործիչների վերաբերյալ։

2008 թվականի Մարտի 1-ին ես ընդդիմության շարքերում էի, հետո ստիպված էի ընդհատակ անցնել, հետո կամավոր կերպով դուրս գալ ընդհատակից, որից հետո կալանավորվեցի և դատապարտվեցի 7 տարվա ազատազրկման։ Այդ ողջ ընթացքում ես ինքս անհամբերությամբ էի սպասում ԵԽԽՎ-ից և ՄԻԵԴ-ից եկող լուրերին։

ԵԽԽՎ-ում հնչող ելույթներն ու ընդունվող բանաձևերը մեզ՝ Հայաստանում ժողովրդավարության համար պայքարողներիս, հույս էին տալիս և ուժ։ Չեմ մոռանա այն օրը, երբ բանտում ինձ այցելեց ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը։

Ի վերջո, 2011 թվականին բանտից ազատ արձակվեցի հենց ԵԽ-ի, ԵԽԽՎ-ի, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հետևողականության շնորհիվ, 7 տարվա փոխարեն անազատության մեջ մնալով 1 տարի 11 ամիս։

2018 թվականի մայիսին, երբ Հայաստանում տեղի ունեցավ Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իմ գործով դեռ վճիռ չէր կայացրել և շարունակում էի անհամբերությամբ սպասել դատարանի վճռին, ում դիմել էի դեռ 2010 թվականին։

Վարչապետի պաշտոնում ինձ համար ՄԻԵԴ վճիռն ավելի մեծ կարևորություն ստացավ, որովհետև եթե ՄԻԵԴ-ը որոշեր, որ 2009 թվականին Հայաստանում իմ դեմ կայացված դատավճիռն անարդար էր, դա իմ գործը վերանայելու այնպիսի հիմք կտար, որ ոչ ոք չէր կարողանա ասել, թե վարչապետի իմ կարգավիճակի պատճառով է, որ նման վճիռ է կայացվել և արդարությունն ու արդարադատությունը կլինեին լեգիտիմ։

Եվ, բարեբախտաբար, այդպես էլ եղավ․ ՄԻԵԴ-ի վճիռը լիովին լեգիտիմ և անառարկելի դարձրեց իմ հետագա արդարացումը Հայաստանի դատարանում։ Այս նույն ձևով արդարացվեցին նաև Հայաստանի բազմաթիվ այլ նախկին քաղբանտարկյալներ։

Այս ամենն ասում եմ ոչ միայն կամ ոչ այնքան իմ շնորհակալությունն արտահայտելու, որքան ի ցույց դնելու համար, որ ԵԽ-ն և նրա կառույցները Հայաստանի պետական ինստիտուտների օրգանական շարունակությունն են։ Ես ու բազմաթիվ մարդիկ ԵԽ-ն և նրա ինստիտուտներն օտարերկրյա կազմակերպություն չենք համարում։

ԵԽ-ն մեր կազմակերպությունն է, մեր ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից մեկը, որովհետև մենք նրա լիարժեք անդամն ենք։ Այդպիսին են նաև ԵԽԽՎ-ն, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը։

Մեր անդամակցությունը ԵԽ-ին մեզ ավելի մեծ վստահություն է տալիս ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելիս, որովհետև գիտենք, եթե սխալվենք, կա մեզ հարազատ, մե՛ր կազմակերպությունը, որը մեզ կահազանգի այդ մասին, կօգնի մեզ գտնել ճիշտ ուղղությունը՝ ժողովրդավարության, ցավոք, գնալով ավելի դժվար դարձող ճանապարհին։

Եվրոպայի խորհուրդը մեր տունն է, որտեղ մենք հասցե ենք ստանում որպես ժողովրդավարական պետություն։ Լինելով փոքր երկիր, մենք այստեղ մի մեծ, գեղեցիկ և լուսավոր ընտանիքի մաս ենք դառնում, որտեղ մարդն ամենակարևոր արժեքն է, որտեղ մարդը նպատակ է և ոչ թե միջոց։

Այս ընտանիքը կարևոր է մեզ համար։

Եվրոպայի խորհուրդը մի տեղ է, որտեղ մենք կարող ենք կիսել մեր հաջողությունների ուրախությունն ու պատմել մեր անհաջողությունների մասին, լսել ուրիշների հաջողությունների պատմությունը` դրանցով ոգևորվելու համար, և ուրիշների անհաջողությունների պատմությունները` դրանք չկրկնելու համար։

ԵԽ խորհրդարանական վեհաժողովի հարգարժան նախագահ,
Հարգարժան գլխավոր քարտուղար,
Հարգարժան ներկաներ,

Ես ինձ հետ ԵԽԽՎ եմ բերել թե՛ հաջողությունների, թե՛ անհաջողությունների պատմություններ, չնայած երբեմն այդ պատմությունները սերտորեն կապված են իրար հետ և հաճախ դժվար է գտնել այն կետը, որտեղ հաջողությունն ավարտվում է, անհաջողությունը սկսվում։

Ուրախ և հպարտ եմ ԵԽԽՎ–ին զեկուցել, որ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր իշխանությունը Հայաստանում որևէ ընտրություն կեղծելու փորձ անգամ չի արել։

Այս ընթացքում տեղի են ունեցել երկու խորհրդարանական ընտրություններ և ՏԻՄ ընտրություններ Հայաստանի բոլոր համայնքներում, որոշ տեղերում նույնիսկ երկու անգամ։

2018 և 2021 թվականների համապետական խորհրդարանական ընտրությունները միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես ազատ, մրցակցային, ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող, ինչն, ըստ էության, մեր պատմության մեջ աննախադեպ էր։ ՏԻՄ որևէ ընտրության արդյունքների հետ կապված բողոքի ակցիաներ չեն եղել․ մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչն, ըստ էության, անհնար էր 2018 թվականի Հեղափոխությունից առաջ։

Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է հետընտրական պրոցես հասկացությունը, մինչդեռ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից առաջ դա Հայաստանի քաղաքական կյանքի ամենահաճախ օգտագործվող տերմինն էր։

Մարդիկ փոփոխությունների հույսը կապում էին հետընտրական պրոցեսների հետ, որովհետև գիտեին, որ ընտրությունները կեղծվելու են իշխանությունների կողմից, ինչի հետևանքով հետընտրական պրոցեսների պատեհություն էր առաջանալու։ Այսպես եղել է 2018-ից առաջ տեղի ունեցած գրեթե բոլոր ընտրություններում, բայց դա արդեն պատմություն է և մեր մեջ ասած, արդեն բավականին հին պատմություն։

Բայց սա չի նշանակում, թե մեր երկրում ընտրական ժողովրդավարությունը խնդիրներ չունի։ Հայաստանում որոշ ուժերի կողմից ընտրակաշառքի պրակտիկան շարունակում է կիրառվել։

Խնդիրն այստեղ ոչ միայն այն է, որ իրավապահներից մեծ ջանք է պահանջվում նման դեպքերը բացահայտելու համար, այլև չկան գործնական մեխանիզմներ ընտրությունների արդյունքների վրա ընտրակաշառքի ազդեցության չափը պարզելու համար։ Եվ որպես հետևանք` ընտրակաշառք բաժանած ուժերին քաղաքական և ընտրական պրոցեսից դուրս թողնելու գործնական մեխանիզմները կամ բացակայում են, կամ անորոշ են, մյուս կողմից էլ նման մեխանիզմների գործարկումը կարող է մեկնաբանվել որպես ընտրությունները վերահսկելի դարձնելու փորձ, չնայած, ընտրակաշառքով մանդատ ստացածների ներկայությունը խորհրդարանում կամ ՏԻՄ-երում ընկալվում է որպես ժողովրդավարության անպաշտպանություն, երբ ժողովրդավարության գործիք ընտրությունները փողի գործադրմամբ օգտագործվում են ընդդեմ ժողովրդավարության։

Սրան գումարվում է ապատեղեկատվությունը, իսկ Հայաստանի դեպքում դա առավել խնդրահարույց է, որովհետև լրատվական ռեսուրսների մեծ մասը գտնվում է 2018 թվականի Հեղափոխությամբ իշխանությունից հեռացված, իսկ ներկայումս որպես ընդդիմություն հանդես եկող ուժերի տնօրինման ներքո, ովքեր իրենց ապօրինաբար կուտակած հարստությունն ապօրինի գույքի բռնագանձման գործընթացից փրկելու համար դրանց մի մասը ծախսում են ապատեղեկատվության տարածման վրա։

Շատ դեպքերում նրանք աջակցություն են ստանում իրենց համախոհ արտերկրյա ուժերից։

Ապատեղեկատվության այս արշավի դեմ գործնական միջոցների ձեռնարկումը կարող է մեկնաբանվել որպես խոսքի ազատության սահմանափակման փորձ, իսկ գործողությունների բացակայությունը դիտարկվում է որպես ժողովրդավարության խեղճություն, անպաշտպանություն, երբ ժողովրդավարության գործիք խոսքի, համացանցի ազատությունը փողի գործադրմամբ օգտագործվում է ընդդեմ ժողովրդավարության։

Նման իրավիճակների թվարկումը դեռ կարող եմ շարունակել և սրանք խնդիրներ են, որոնց մի մասը գոյություն ունի ոչ միայն Հայաստանում։

Ժողովրդավարության դեմ հիբրիդային հարձակումները ժողովրդավարական երկրների առանցքային մարտահրավեր են դառնում։

Մենք Հայաստանում նման իրավիճակների նկատմամբ դիրքավորվում ենք նախ ժողովրդավարությանը չվնասելու սկզբունքով՝ հասկանալով հանդերձ, որ մեր շատ հայրենակիցներ սա որակում են որպես թուլություն կամ անգործություն։

Հիբրիդային հարձակումները և դրանց նկատմամբ գործուն միջոցների բացակայությունը հեղինակազրկում են ժողովրդավարությունը։ Բայց միևնույն է, այստեղ առանձին վերցրած երկրի լուծումներ չկան և Եվրոպայի խորհուրդը, ԵԽ խորհրդարանական վեհաժողովն են այն ինստիտուտները, որտեղ մենք պետք է քննարկենք այս հարցը, ի մի բերենք մեր անելիքները և հասկանանք, թե ինչպես պետք է ավելի ամրացնենք ժողովրդավարությունը։

Համենայնդեպս, մեր ընկալումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն այս հարցում պետք է գործի գլոբալ ժողովրդավարական հանրության հետ, նրան համընթաց և այդպես էլ կվարվենք։ Ժողովրդավարությունը մեզ համար չափազանց թանկ և կարևոր է և մենք չենք կարող նմանվել նրանց, ովքեր ժողովրդավարության գործիքներն օգտագործում են ժողովրդավարությանը վնասելու համար։

Նկատի ունեմ, շատ ավելի վտանգավոր է ժողովրդավարությունը պաշտպանելու կարգախոսի ներքո ժողովրդավարությունը վնասելու հնարավոր գործելակերպը։

Բայց, հարգելի ներկաներ, թույլ տվեք վստահորեն հայտարարել. ի հեճուկս այս ամենի՝ ժողովրդավարությունը Հայաստանում վստահելի ձեռքերում է։ Եվ խոսքն այս դեպքում ոչ թե Կառավարության, ոչ թե կառավարող մեծամասնության, ոչ թե քաղաքացիական հասարակության, այլ ժողովրդի մասին է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին։

Ժողովրդավարությունը քայքայելուն ուղղված այն գործիքները, որոնք հենց նոր թվարկեցի, բոլոր այդ գործիքները կիրառվեցին Հայաստանում ժողովրդավարության համար, թերևս, ամենախոցելի շրջանում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ Հայաստանում խորը քաղաքական ճգնաժամ էր առաջացել։

Ավելին, ինչ-որ առումով 44-օրյա պատերազմը հիբրիդային պատերազմի մաս էր, որի թիրախում Հայաստանի պետականությունն էր, Հայաստանի անկախությունը։

Բայց գիտե՞ք, հենց ժողովրդավարությունն էր, որ բառիս բուն իմաստով փրկեց Հայաստանի պետականությունն ու անկախությունը։ Պատերազմը և դրան ուղեկցող ապատեղեկատվությունն այն գործիքներն էին, որոնցից օգտվելով` հակաժողովրդավարական ուժերը մեզնից պահանջում էին պարզապես իշխանությունը հանձնել իրենց։

Մենք ասացինք, որ ժողովրդից ստացած իշխանությունը չենք կարող հանձնել որևէ մեկին, այլ կարող ենք միայն ժողովրդին վերադարձնել։ 2021 թվականի ապրիլին ես հրաժարական տվեցի` արդյունքում լուծարվեց երկրի խորհրդարանը և մենք ունեցանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ` սահմանին էսկալացիաների, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի և տեղեկատվական ահաբեկչության պայմաններում։

Ոչ ոք չէր հավատում, որ մեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին կստանա ժողովրդի վստահության քվեն։ Բայց Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն առաջնորդած քաղաքական ուժը ոչ միայն կրկին ստացավ ընտրողների մեծամասնության քվեն, այլև ձևավորեց սահմանադրական մեծամասնություն։ Սա տեղի ունեցավ մի հիմնական պատճառով` ժողովուրդը հասկացավ, որ այդ ընտրությունն է, որ երաշխավորելու է իր՝ ժողովրդի իշխանությունը Հայաստանում։

Այսինքն, ժողովուրդը մեզ մանդատ տվեց իր իշխանությունը և ինքնիշխանությունը, անկախությունն ու պետականությունը պահպանելու համար և կարող եմ միանշանակ և աներկբա արձանագրել, որ այսօր, այո՛, իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, ով Հայաստանում ժողովրդավարության երաշխավորն է և Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ, ավելի ժողովրդավար է, քան երբևէ։

Բայց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեկ այլ բան նույնպես տեղի ունեցավ։ Ժողովուրդն իր սեփական նախընտրական ասելիքը ձևավորեց և այն պատվիրակեց կառավարող մեծամասնությանը, և ժողովրդի նախընտրական ծրագրի առաջնային կետը խաղաղությունն էր։

Նա մեզ պատվիրակեց Հայաստանին բերել խաղաղություն։ Ժողովրդի այդ պատգամը մենք արձանագրեցինք Հայաստանի Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում, որպես ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորություն։ Հենց այսպես էլ Կառավարության ծրագրում գրված է:

Եվ ուրախ եմ արձանագրել, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Չեմ կարող ասել, որ դա միայն Հայաստանի Կառավարության և Հայաստանի ժողովրդի ձեռքբերումն է։ Դա նույնքան Ադրբեջանի Կառավարության և Ադրբեջանի ժողովրդի ձեռքբերումն է։ Եթե այսպես չլիներ, խաղաղություն չէր լինի։

Սա նույնքան էլ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ձեռքբերումն է։

Հարգելի ներկաներ,

2025 թվականի օգոստոսի 8-ից առաջ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ահռելի աշխատանք էին արել․ 2024 թվականին առաջին անգամ սահմանազատվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի ավելի քան 12 կիլոմետրանոց մի հատված, ստորագրվել և վավերացվել էր երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագիրը ֆիքսված է որպես երկու երկրների սահմանների սահմանազատման բազային սկզբունք, 2025 թվականի մարտին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել էին երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և նախագծի համաձայնեցման մասին։

Բայց առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անհատական և անձնական ներգրավվածության, առանց նրա անձնական ջանքերի հնարավոր չէր լինի հասնել այն արդյունքին, որին մենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հասանք ս/թ օգոստոսի 8-ին։

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում` Սպիտակ տանը, մենք ընդունեցինք Հռչակագիր, որով արձանագրեցինք խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Նախագահ Թրամփը` որպես վկա, նույնպես ստորագրեց այդ Հռչակագիրը։ Նախագահ Թրամփի, Ադրբեջանի նախագահի և իմ ներկայությամբ երկու երկրների ԱԳ նախարարները նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը։

Սա պատմական իրադարձություն էր, որ խաղաղություն բերեց մեր երկրներին։ Բայց ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, խաղաղությունն արձակուրդ կամ հանգիստ չէ, խաղաղությունն ամենօրյա աշխատանք է, խաղաղությունը նորածին երեխայի նման ամենօրյա խնամք է պահանջում իր նկատմամբ։

Մեր նորածին խաղաղությունն այսօր արդեն 1 ամիս 22 օրեկան է, և խանդաղատանքով պիտի խնամենք նրան, սիրենք ու հոգ տանենք նրա մասին, որ նա մեծանա, հասունանա, ուժեղանա և իրենով ծաղկեցնի Հարավային Կովկասի մեր տարածաշրջանը։

Այս համատեքստում, կարևոր է նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը և երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեագրումը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգարժան նախագահ,
Հարգարժան գլխավոր քարտուղար,
Հարգարժան խորհրդարանականներ, դեսպաններ, տիկնայք և պարոնայք,

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո ասել եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն, քաղաքական հավատամք և մեր արժեքային համակարգի անբաժանելի մասը։

Ուրախ եմ հեղափոխությունից ավելի քան 7 տարի անց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի այս ամբիոնից ասել, որ Հայաստանն այսօր համեստ, բայց ամուր տեղ է զբաղեցնում Եվրոպայի ժողովրդավարական երկրների շարքում։

Բայց սա որքան մեր՝ Հայաստանի ժողովրդի և ժողովրդավարության համար սկզբունքային պայքար մղած ուժերի, նույնքան էլ Եվրոպայի Խորհրդի, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, Վենետիկի հանձնաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ԵԽ մյուս կառույցների ձեռքբերումն եմ համարում։

Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել 2001 թվականից` ԵԽ-ին Հայաստանի անդամագրվելու պահից ի վեր հայկական ժողովրդավարության կայացմանը ձեր ցուցաբերած աջակցության համար։

2018 թվականից ի վեր Հայաստանում հսկայական ժողովրդավարական ձեռքբերումներ, բովանդակային փոփոխություններ են արձանագրվել։

Դրանցից նշանայինը, որ կարող է փոփոխությունների էության ու մասշտաբի մասին լրջագույն պատկերացում տալ, թերևս կանանց ներգրավվածության աստիճանն է Հայաստանի հանրային և պետական կյանքում։ Մեր երկրի խորհրդարանում կին պատգամավորների թիվը երբեք այնքան մեծ չի եղել, որքան այսօր։

Կին նախարարների թիվը Կառավարությունում երբեք այնքան շատ չի եղել, որքան այսօր։ Ներքին գործերի նախարարությունը, որ ամենամեծ իրավապահ կառույցն է, Դատախազությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը կանայք են ղեկավարում, ինչն աննախադեպ է մեր պատմության համար։

Հեղափոխության և ժողովրդավարության արդյունքների մասին խոսելիս, կարևոր են նաև որոշ սոցիալ-տնտեսական ցուցանիշներ․ 2018-ից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է շուրջ 43 տոկոսով։ Երկրի պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են։ Կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը 2018 թվականի համեմատ ավելի քան 40 կետով առաջընթաց է ապահովել։

Բայց հիմա արդեն այս ամենից մեր բերկրանքն, ըստ էության, պարպվել է, որովհետև նշածս ընդամենը եկել է հիմնավորելու, որ հնարավոր է ավելին և մենք պիտի ձգտենք ավելիին։

Ու սրա համար ահռելի մեծ աշխատանք կա անելու, անկախ դատական համակարգը կայացնելու, հակակոռուպցիոն ամբողջական ու վստահելի համակարգ ներդնելու, ժողովրդավարությունը թիրախավորող հիբրիդային հարձակումներին դիմակայելու, օրենքի և իրավունքի գերակայությունն արմատավորելու, մարդու իրավունքների պաշտպանությունն ուժեղացնելու, պետության նկատմամբ մարդկանց վստահությունը մեծացնելու ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետությունը վստահորեն գնալու է այս ճանապարհով, և վստահ ենք, որ այս ճանապարհին ունենալու ենք ԵԽ-ի և նրա կառույցների ամուր աջակցությունը։

Կեցցե՛ Եվրոպայի խորհուրդը, կեցցե՛ ժողովրդավարությունը, կեցցե՛ երկխոսությունը, կեցցե՛ խաղաղությունը։

Շնորհակալ եմ և սիրով կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին»։

Վարչապետը պատասխանել է նաև ԵԽԽՎ պատգամավորների հարցերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում