Արշակ Խաչատրյանի փաստաբանը կեղծ պնդումներ է անում. ՔԿ-ն վերահաստատում է, որ տեսանյութերում դիվանապետն է

Արշակ Խաչատրյանի փաստաբանը կեղծ պնդումներ է անում. ՔԿ-ն վերահաստատում է, որ տեսանյութերում դիվանապետն է

ՀՀ քննչական կոմիտեն վերահաստատում է, որ ստացված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է տեսանյութերում Արշակ Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը:

Այս մասին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են՝ ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցադրման:

«Որոշ լրատվամիջոցներ վերցրել են փաստաբանի գրառման վերջին նախադասությունը, դարձրել վերնագիր՝ իբր Քննչական կոմիտեն հաստատեց՝ Արշակ սրբազանի մասնակցությամբ տեսագրությունն իր հետ առնչություն չունի:

Հարգելի՛ գործընկերներ, Քննչական կոմիտեն, դեռ օրեր առաջ ի պատասխան ձեր գրավոր հարցումների, հայտնել է, որ ստացված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»,- ասվում է ՔԿ-ի պատասխանում:

Նկատենք, որ Արշակ Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ պնդելով, թե ստացել է Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, և եզրակացությամբ ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը, թե հաստատվել է տեսանյութում Արշակ Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։

Գրառման մեջ Բաբայանը նաև կեղծ պնդում է արել, թե Քննչական կոմիտեն հաստատել է Արշակ Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի։

Ավելի վաղ Եպիսկոպոսաց դասի մեկ տասնյակից ավելի անդամներ հայտարարել էին, որ փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան): Վերջինս առ ոչինչ է համարել այդ արդյունքները:

Հաշվի առնելով սա՝ եպիսկոպոսները դիմել էին մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կտրիճ Ներսիսյանից և Արշակ Խաչատրյանից մաքրելու գործընթացին միանալու համար: Այնուհետև նրանք հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում