Լոռու մարզում փորձել են թալանել հայտնի բանկերից մեկի տեղի մասնաճյուղը

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02:20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնի ծառայողը ահազանգել է ոստիկանության Թումանյանի բաժին և հայտնել, որ Ալավերդի քաղաքում Հայաստանում գործող բանկերից մեկի՝ «Թումանյան» մասնաճյուղի անվտանգության ահազանգման համակարգը միացել է։
Ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ անձը կամ անձինք բանկի մուտքի դուռը բացել են դրսի հատվածից և դրամապահոցի համար նախատեսված սենյակում քանդել են առաստաղը։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված բանկի մասնաճյուղի այդ հատվածը եղել է չբնակեցվող և առանց հսկողության թողնված։ Այն մասնաշենքի 2-րդ հարկն է, որտեղ պանելային հատակը շուրջ 30 սմ տրամագծով տեխնիկական միջոցների գործադրմամբ քանդել են և մուտք գործել դրամապահոցի սենյակ, փորձել մետաղյա լիգանման առարկայով բացել դրամապահոցի դուռը։ Հավանաբար, երբ զգացել են, որ միացել է ազդանշանը, ոչինչ չգողանալով՝ դիմել են փախուստի։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ