ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 մլրդ դրամ, դուստր ընկերությունները 5,5 մլրդ դրամ վերադարձրել են. Ավինյան

ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 մլրդ դրամ, դուստր ընկերությունները 5,5 մլրդ դրամ վերադարձրել են. Ավինյան

«ԱՆԻՖ-ն ուներ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու խնդիր և 210 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ է ներգրավել»:

Այս մասին իր ասուլիսում անդրադառնալով ԱՆԻՖ-ի գործունեությանը և հայտնի սկանդալին՝ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ԱՆԻՖ-ի գործունեության արդյունքում 800 նոր աշխատատեղ է ստեղծվել:

«Երբ ասվում է՝ ԱՆԻՖ-ը անարդյունավետ է, ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4,19 մլրդ դրամ, բայց ԱՆԻՖ-ի ստեղծված դուստր ընկերությունները 5,5 մլրդ դրամ հարկերի տեսքով վերադարձրել են պետությանը: Ես ԱՆԻՖ-ի հետ կապված քրեական գործով 1,5 տարի առաջ հարցաքննվել եմ վկայի կարգավիճակով, և այն ինֆորմացիան, որ ունեի, ամբողջապես փոխանցել եմ համապատասխան մարմիններին»,- նշել է նա։

Քաղաքապետը հիշեցրել է, որ ինքը ԱՆԻՖ-ում խորհրդի նախագահ է եղել, իսկ քննվող գործը խորհրդի նախագահի լիազորությունների և գործունեության հետ ուղիղ կապ չունի:

Երևանի քաղաքապետի խոսքով՝ շատ կարևոր է արձանագրել և բարձրաձայնել ԱՆԻՖ ընկերության համագործակցությունը «Օրբիս» ընկերության հետ, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներում կիբեռանվտանգության մասնագետների պատրաստման ընկերություն է։

«Այս համագործակցությունից Հայաստանում ստեղծվում է նոր ընկերություն, որի նպատակն էր պատրաստել «Օրբիսի» ծրագրով կիբեռանվտանգության մասնագետների, որոնք պետք է իրենց ծառայությունները մատուցեին պետական և մասնավոր ընկերությունների։ Սա տեղի է ունենում պատերազմից հետո, երբ բացահայտ էր, որ կիբեռանվտանգության վտանգների և սպառնալիքների առջև Հայաստանի Հանրապետությունը այդքան էլ ամուր կանգնած չէ։

Երբ ստեղծվեց այս ընկերությունը, երիտասարդ ուսանողներ ընտրվեցին ամերիկացի գործընկերների կողմից։ Մեր գործընկերներից մեկը՝ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, որը պարբերաբար խոսում էր ԱՆԻՖ-ի անարդյունավետությունից, վատ կառավարումից, երբ ես այլևս խորհրդի նախագահ չեմ, քաղաքապետարանում փոխքաղաքապետ եմ, այլ պրոցեսների մեջ եմ, նախաձեռնություն է տանում կառավարություն, որով ԱՆԻՖ-ի ամբողջ փաթեթը տանում է էկոնոմիկայի նախարարություն:

Այնտեղ տանելուց հետո անում է կադրային կտրուկ փոփոխություններ՝ իր տեղակալին է նշանակում խորհրդում, տնօրենին է հանում, կադրային փոփոխությունները գլոբալ առումով պրոցեսի բոլոր մասնակիցների համար դառնում են մի կետ, երբ բոլորը հրաժարվում են շարունակել իրենց գործունեությունը։ Առհասարակ որևէ բան կառուցելը մեծ ջանք, եռանդ, ժամանակ, ռեսուրս, նյարդ է պահանջում, իսկ քանդելը կարող է մեկ օր, մեկ ժամ, քսան րոպե տևել»,-հավելել է Տիգրան Ավինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում