Դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» տերմինը, որտեղի՞ց եք վերցրել, եթե այն չկա որևէ փաստաթղթում. վարչապետ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ արձագանքեց Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության պատգամավոր Էդվարդ Լիի հարցադրմանը, որը Վաշինգտոնի հռչակագրի ստորագրման համատեքստում հիշատակեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը հարցրեց, թե արդյոք այդ միջանցքի ստեղծումը նույնչափ բխո՞ւմ է Հայաստանի շահերից, որքան Ադրբեջանի շահերից։
Վարչապետը հիշեցրեց, որ Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերը ծավալուն չեն, ընդամենը մեկ էջ են և հինգ կետից բաղկացած․
«Ձեր նշած խոսույթը ընդհանրապես գոյություն չունի և բացակայում է այդ փաստաթղթերում։ Ես ուզում եմ ընդգծել․ Դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Որտեղի՞ց այդ արտահայտությունը Ձեզ։ Նման բան ոչ մի փաստաթղթում չկա, չի եղել և համոզված եղեք՝ չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում»,- շեշտեց նա։
Վարչապետն ընդգծեց, որ խաղաղության գործընթացում կարևորագույն պայման է լեգիտիմ և համաձայնեցված բառապաշարի օգտագործումը։
«Խաղաղությունը խնամք է պահանջում։ Այդ խնամքի կարևոր ատրիբուտը լեգիտիմ բառապաշարի կիրառումն է։ Իմ ելույթներում չկա ոչ մի բառ, որի ծագումնաբանությունը չկարողանամ ցույց տալ Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերից»,-շեշտեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կոպտագույն խախտում է։
«Ես նաև դիմեցի կոչով Ադրբեջանի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի՝ քարտեզի վրա որտեղ է «Զանգեզուրի միջանցքը», որովհետև եթե պարզվի, որ «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ նկատի ունեն Հայաստանի տարածքը, ապա դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կոպտագույն խախտում է։ Որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի տարածքի վրա անուն դնել, եթե դա չի ընդունվել Հայաստանի կառավարության կամ խորհրդարանի կողմից»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև հիշեցրեց, որ Վաշինգտոնի պայմանավորվածություններով կողմերը համաձայնել են տարածաշրջանի հաղորդուղիները բացել պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հիման վրա և փոխադարձության սկզբունքով։
Փաշինյանը հավելեց, որ համաձայն Վաշինգտոնի փաստաթղթերի՝ Հայաստանում գործելու է նաև TRIPP (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության) նախագիծը, որի տակ ստորագրել է նաև Ադրբեջանի նախագահը։
«Հետևաբար, իմ կոչն է, ակնկալիքն է, որ օգտագործվի բացառապես լեգիտիմ բառապաշար, իսկ Ադրբեջանի գործընկերներից ակնկալում եմ, որ նրանք քարտեզի վրա ցույց տան, թե որտեղ նկատի ունեն և որ հատվածն են անվանում «Զանգեզուրի միջանցք»։ Եթե դա որևէ կերպ վերաբերվում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, կներեք, որևէ մեկը Հայաստանի Հանրապետության տարածքում անուններ որոշելու իրավունք չունի։ Հակառակ գործելակերպը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության խախտում։ Կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետության տարածքի պարագայում կարող է օգտագործվել միայն այնպիսի բառամթերք, որը սահմանված է Հայաստանի կառավարության, խորհրդարանի կամ համապատասխան մարմինների կողմից կամ համաձայնեցված է Հայաստանի կառավարության հետ։ Եվ, հետևաբար, թույլ տվեք ասել, որ ես խստորեն դատապարտում եմ Ձեր կողմից ապալեգիտիմ բառապաշարի օգտագործումն այս հեղինակավոր դահլիճում և այս հեղինակավոր ինստիտուտում»,- եզրափակեց Փաշինյանը։
Կարծիքներ