Ուկրաինայի ՄԻՊ-ը հայտնել է` ընթացիկ տարում քանի խաղաղ բնակիչ է զոհվել Դոնբասում

Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ տարեսկզբից առ այսօր Դոնբասում զոհվել է 7 և վիրավորվել 10-ը խաղաղ բնակիչ, հաղորդում է korrespondent.net-ը:
Ուկրաինայի ՄԻՊ Լյուդմիլա Դենիսովան նշել է, որ 2020 թվականի ընթացքում զոհվել է 18 և վիրավորվել 89 խաղաղ բնակիչ։
«Ուկրաինայի արևելյան օկուպացված տարածքների ու շփման գծի երկայնքով բնակչության կյանքի ու անվտանգության իրավունքի պահպանումը մշտական սպառնալիքի տակ է: Տարվա սկզբից առ այսօր զոհվել է 7 և վիրավորվել 10-ը խաղաղ բնակիչ։ Զոհերի թվում կա 2 երեխա։ Մահերի 70 տոկոսը կապված է ականների պայթյունների, իսկ 24 տոկոսը` հրաձգության հետ։
Լյուդմիլա Դենիսովան ասել է, որ կորոնավիրուսային սահմանափակումների քողի տակ փակվել են նաև անցակետերը և զգալի թվով ուկրաինացիներ պահվում են օկուպացված տարածքներում և լարվածության ֆոնին 18-ից 35 տարեկան տղամարդկանց մոբիլիզացրել են և ռուսական անձնագրեր բաժանել։
Նշենք՝ Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ներքին ուկրաինական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից:
2014 թվականի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են սկսել ինքնահռչակ հանրապետությունների դեմ, որոնք իրենց անկախությունն էին հռչակել 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո:
ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:
Ներկայում քննարկվում է Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը, այդ թվում՝ Մինսկում կայացած շփման խմբի հանդիպումների ժամանակ, որը 2014 թվականի սեպտեմբերից արդեն ընդունել է երեք փաստաթուղթ, որոնք կարգավորում են հակամարտության լարման սրման քայլերը:
Այնուամենայնիվ, նույնիսկ հակամարտության կողմերի միջև կնքված զինադադարի պայմանագրերից հետո հակամարտությունը դեռևս շարունակվում է:
Կարծիքներ