Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը

Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը

Հնդկաստանը 2014 թվականին վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարության իշխանության գալուց ի վեր 35 անգամ ավելացրել է սպառազինությունների և պաշտպանական արտադրանքի արտահանումը, և մտադիր է այսուհետ էլ ավելացնել այն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը՝ ելույթ ունենալով Ահմեդաբադում կայացած նախընտրական հանրահավաքում։

«2014 թվականին մենք արտահանել ենք 6 միլիարդ ռուփիի (72 միլիոն դոլարի) պաշտպանական արտադրանք, բայց այժմ այդ թիվը գերազանցել է 210 միլիարդ ռուփին (ավելի քան 2,5 միլիարդ դոլար), և կարող եմ ասել, որ այն կավելանա», - Սինգհի խոսքերն է մեջբերում NDTV լրատվամիջոցը:

Նախարարը նաև հայտարարել է, որ Մոդիի կառավարությունը, որը ներկայացնում է Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը, ձգտում է այն բանին, որ պաշտպանական արտադրանքը հանրապետությունում արտադրվի հենց հնդկաստանցիների կողմից։

«Այսօր մենք հասել ենք ավելի քան 1 տրիլիոն ռուփիի (12 միլիարդ դոլար) պաշտպանական արտադրության ծավալների», - ասել է նա:

Հնդկաստանը պաշտպանական արտադրանք է մատակարարում 85 երկրների: Նյու Դելին առաջարկում է լայն սպեկտրի սպառազինություններ, ներառյալ՝ հրետանի, BrahMos գերձայնային թևավոր հրթիռներ, զենիթային հրթիռներ և Pinaka արձակման կայանքներ, տորպեդներ, ռադարներ, վարժասարքեր, զրահատեխնիկա, ավիատեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ և ինքնաթիռներ, մարտանավեր և պարեկային նավեր, տանկեր, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր և սեփական արտադրության այլ զինատեսակներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում