Բյուրեղավանի փոխքաղաքապետի, ավագանու անդամի ու ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Բյուրեղավանի փոխքաղաքապետ Դանիել Դանիելյանի (նկարում՝ աջից), ավագանու անդամ Վարդան Սուքիասյանի (նկարում՝ ձախից) և ևս երկու հոգու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ):
Նշենք՝ քրեական հետապնդումը հարուցվել է օրերս համայնքում տեղի ունեցած ծեծկռտուքի և վիճաբանության կապակցությամբ:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցների թվում են եղել համայնքի ղեկավարի տեղակալը՝ Դանիել Դանիելյանը, և մեկ ավագանու անդամ՝ Վարդան Սուքիասյանը:
Ըստ նույն տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ գործածվել է դանակ, և քարեր են նետել միմյանց վրա:
Կարծիքներ