ԵՄ-ն Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության ծրագրերին մեծ միջոցներ է ուղղում

ԵՄ-ն Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության ծրագրերին մեծ միջոցներ է ուղղում

Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացված «ԵՄ հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում Հայաստանում հիմնադրվել են 10 նոր էկո-ակումբներ, հզորացվել են արդեն գործող 5 էկո-ակումբները։ Ծրագրի կրթական բաղադրիչի շնորհիվ համայնքներում խթանվելու է կանաչ կենսակերպը և դասընթացները ներառելու են ինչպես շրջակա միջավայրի պահպանությանը, կանաչապատմանը, այնպես էլ կենցաղային թափոնների կառավարմանը, էներգաարդյունավետությանը և էներգախնայողությանը վերաբերող հարցեր։ Կազմակերպվելու են նաև համայնքներում իրազեկման մակարդակը բարձրացնող միջոցառումներ։     

Այս մասին ընդգծեցին ծրագրի պատասխանատուները՝ ծրագրի փակման և արդյունքների ամփոփման միջոցառմանը փետրվարի 29-ին Երևանում։ Ծրագիրն իրականացրել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ու «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ողջույնի խոսքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը նշեց, որ շրջակա միջավայրին վերաբերող տարատեսակ հարցերը մշտապես Եվրամիության ուշադրության կենտրոնում են, որի պատվիրակության հանձնառություններից մեկն էլ այդ հարցերում մասնագիտացված կառույցներին օգնելն ու աջակցելն է, երբ խոսք է գնում օրինակ գլոբալ կլիմայական փոփոխությունների մասին։

«Կանաչ գործարքը մեզ համար ունի կենսական նշանակություն, քանի որ մեր գործունեության մի ուղղությունը միտված է շրջակա միջավայրին առնչվող խնդիրների լուծմանը, ինչպիսիք են օդի աղտոտվածությունը, կենսաբազմազանության կորուստը, հետևաբար սատարում ենք մի շարք ծրագրերի։ Դրանցից են, օրինակ, վերականգնվող էներգիայի աղբյուրների խթանումը, շրջանաձև տնտեսության զարգացումը և թափոնների նվազումը։ Ծրագրերի իրագործման գործում կիրառում ենք մեր իրավասության ներքո գտնվող հնարավորությունները։ «Կանաչ գործարքի» շրջանակում շատ կարևոր է այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ հնարավոր կլինի ստանալ ավելի մաքուր էներգիա և բնապահպանական իրավիճակը դարձնել ավելի բարվոք»,- ասաց Հեսսը։

Նրա խոսքով՝ կլիմայական փոփոխություններին դիմագրավելու առումով կատարվում են զգալի աշխատանքներ՝ հաշվի առնելով էկոհամակարգի առանձնահատկությունները։ Իրականացման փուլում է նաև այնպիսի ծրագիր, որն առնչվում է Սևանա լճի բնապահպանական խնդիրներին, իսկ Երևանում ընթացքի մեջ է թափոնների վերահսկման ծրագիրը։ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում աշխատում է ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ քաղհասարակության ներկայացուցիչների հետ։

«Մասնավորապես «Էյ Թի Փի» ծրագիրը շատ կարևոր է այն առումով, որ ընդգրկում է շրջակա միջավայրի կոնկրետ հարցերի վերաբերող շրջանակ։ Մեզ համար մեծ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ երիտասարդները լինեն իրազեկված շրջակա միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների մասով և կարողանան պատշաճ քայլեր ձեռնարկել Եվրամիության կողմից աջակցության արժանացած ծրագրերի շրջանակում։ Վերջին երեք տարիների ընթացքում ԵՄ-ն ծախսել է 300 միլիոն դրամ, և սա այն ոլորտն է, որտեղ ծրագրերը պետք է կրեն շարունակական բնույթ»,- ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարը։

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի համակարգող Ռուզաննա Առուստամյանն իր խոսքում նշեց, որ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին, որի իրականացման ճանապարհն իրենք անցել են պատասխանատու գործընկերների հետ, որոնք ակտիվորեն ներգրավվել են ծրագրի տարբեր փուլերում։

«Անցնող երեք տարիները Հայաստանի համար բնավ հեշտ չեն եղել, մեր երկիրը բախվեց բազում մարտահրավերների, որոնք մեծ ազդեցություն են ունեցել ամբողջ ազգաբնակչության վրա։ Բայցևայնպես փորձել ենք մեր ուշադրության կենտրոնում պահել վերջնարդյունքին հասնելու տեսլականը, ինչն, անշուշտ, տեղի չէր ունենա առանց ԵՄ գործընկերների ու պետական գերատեսչությունների աջակցության։ «Էյ Թի Փի»-ն լինելով ծրագրի գլխավոր հայտատուն՝ ապահովել է դրա իրականացման շարունակականությունը և հատկապես ընթացիկ տարում նշելով մեր գործունեության 30-ամյակը՝ ձգտելու ենք դրական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա կանաչապատման աշխատանքներով, բնապահպանական դասընթացներով ու այլ ծրագրերով»,- ասաց Առուստամյանը։

«ԵՄ հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի համակարգող Ռիմա Աբրահամյանն հանգամանորեն անդրադարձավ ծրագրի դրույթներին և մատնանշեց կոնկրետ արդյունքները։

Ըստ այդմ՝ ծրագրի հիմնական նպատակն է եղել «կանաչ քաղաքաշինության» կարողությունների ընդլայնումը Հայաստանի Լոռու, Տավուշի ու Շիրակի մարզերում, ինչպես նաև այդ մարզերի տարբեր համայնքների բնակիչների կյանքի բարելավումը։ Ընդհանուր առմամբ՝ ընտրվել են թիրախային 15 համայնքներ և 150 տնային տնտեսություններ։ Արդյունքում Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքին կից տարածքում տնկվել է 60 հեկտար մակերեսով անտառ, իսկ Լոռու մարզի Ուրասար համայնքի հարևանությամբ տնկվել է 40 հեկտար մակերեսով անտառ։ Այդ նպատակով ստեղծվել էր շուրջ 290 սեզոնային աշխատատեղ, տնկվել է շուրջ 300 հազար ծառ։  Թիրախային 15 համայնքներում կանաչապատվել է 50 դպրոց, 22 այգի և հանգստի գոտի։ Գյումրիում հիմնադրվել է ժամանակակից տնկարան, որը տարեկան կապահովի 100 հազար տնկի։ Հիմնադրվել է նաև 150 նոր միկրո ձեռնարկատիրական տնամերձ տնկարան, որը տարեկան կապահովի 200 հազար տնկի։ 2024 թվականի ծառատունկերին ներդրում կատարելու նպատակով ստորագրվել են հուշագրեր համայնքապետարանների ու մարզպետարանների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում