Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիային

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիային

Հուլիսի 7-10-ը Նյու Յորքում անցկացվում է Առաջին տիկնանց գլոբալ ամենամյա ակադեմիան՝ GFLA-ի և Կոլումբիայի համալսարանի Մեյլմանի հանրային առողջության դպրոցի հետ համատեղ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Ակադեմիան միավորում է աշխարհի տարբեր երկրների առաջին տիկնանց և ոլորտի առաջատար փորձագետներին՝ առաջնորդության հմտությունների զարգացման, հանրային դիվանագիտության ամրապնդման և գլոբալ խնդիրների շուրջ երկխոսելու նպատակով։

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը մասնակցում է այս տարվա ակադեմիային։ Մասնակցում են նաև աշխարհի տարբեր տարածաշրջանների տասնյակ առաջին տիկնայք, այդ թվում՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Գորդոն Բրաունի կինը՝ Սառա Բրաունը, Իսլանդիայի նախկին առաջին տիկին Էլիզա Ռեյդը, Գվատեմալայի առաջին տիկին Լուկրեսիա Պեյնադոն և այլն։

Պաշտոնական ողջույնի նիստում, որի ընթացքում առաջին տիկնայք փոխանակվում էին իրենց իրականացրած նախաձեռնություններով և ծրագրերով, տիկին Հակոբյանը հանդես եկավ ելույթով՝ նշելով․

«Անցած տարի ես իմ երկրում նախաձեռնեցի մի շարժում, որը կոչվում է «Կրթվելը նորաձև է»։ Դա նշանակում է, որ իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է։ Վերջերս ես որոշեցի պարզապես չդիմել մարդկանց՝ կրթությամբ զբաղվելու կոչով կամ խոսելով կրթության կարևորության մասին, այլ որոշեցի ինքս դառնալ օրինակ։ Այդ պատճառով էլ ես այստեղ եմ մեծ ակնկալիքով՝ այս երեք օրերի ընթացքում սովորել իմ գործընկերներից՝ առաջին տիկնանցից, նրանց փորձից, ինչպես նաև այն մասնագետներից, ում մենք սիրով կլսենք»։

Հուլիսի 8-ի օրակարգի գլխավոր թեման էր «Առաջնորդություն ներսից. Ինքնակառավարման ուժը և դիմացկուն առաջնորդության մեթոդները»: Քննարկումների առանցքում էր առաջին տիկնանց ազդեցությունը և իրենց տեսլականը հանրային կյանքի տարբեր հարթակներում։

Ակադեմիայի հիմնադիր, հանրահայտ առաջնորդության և հանրային դիվանագիտության փորձագետ Կորա Նոյմանը, դիմելով ներկաներին, ընդգծեց․

«Ձեզանից յուրաքանչյուրը՝ առաջին տիկնայք, կրում է բացառիկ պատասխանատվություն։ Դուք կանգնած եք պետությունների ղեկավարների, բայց, որ ավելի կարևոր է, ձեր ժողովրդի կողքին։ Երբ մեր աշխարհը բախվում է միաժամանակ մի քանի ճգնաժամերի, ձեր դերն այսօր ավելի կենսական է, քան երբևէ՝ որպես պետությունների փափուկ ուժի կրողներ և հասարակական դիվանագիտության կարևոր դերակատարներ»։

Հուլիսի 8-ին իրենց դիտարկումներով, փորձով ու գիտելիքներով կիսվեցին նաև այլ առաջին տիկնայք։ Մասնակիցներից մեկի՝ Նամիբիայի նախկին առաջին տիկին Մոնիկա Գեյնգոսի անձնական պատմությունն ու կյանքի ուղին, որպես առաջին տիկին, իր առջև դրված մարտահրավերներով ու կյանքի անսպասելի շրջապտույտով հանդերձ, շատ հուզեց ներկաներին։

Օրվա երկրորդ մասում ներկայացվեց GFLA-ի «10-քայլ առաջնորդության մոդելը», որը ներառում էր սեփական պատմության կառուցում, կոնֆլիկտների կառավարում, նպատակների ձևակերպում, ռազմավարական պլանավորում, կառավարման հմտություններ և այլն։ Սեմինարը վարեց սենատոր Կորա Նոյմանը։

Ակադեմիայի դասընթացների երկրորդ օրը գլխավոր բանախոսը Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, Միջազգային համագործակցության և կոնֆլիկտների լուծման կենտրոնի հիմնադիր տնօրեն Պիտեր Թ. Քոլմանն էր։ Նա աշխարհի առաջատար մասնագետներից է բարդ հակամարտությունների, սոցիալական բևեռացման և կայուն խաղաղության հարցերում։ Նրա բանախոսության թեմաները ներառում էին բարդ իրավիճակներում բարձր մակարդակի ինտելեկտ ունեցող առաջնորդների յոթ սկզբունքները, առաջնորդության դասեր «վարպետ խաղաղարարներից» և այլն։

Քոլմանը իր հեղինակած «The Way Out: How to Overcome Toxic Polarization» գիրքը նվիրեց բոլոր առաջին տիկնանց՝ իր մակագրությամբ։ Նա խոսեց, թե ինչպես կարող են առաջնորդները կիրառել մեթոդներ հանրային պառակտումներին և բևեռացմանը հակազդելու համար։ Դրանից հետո առաջին տիկնայք բաժանվեցին խմբերի՝ աշխատելու և խորացնելու ներկայացված մեթոդների գործնական կիրառման հնարավորությունները։

Հուլիսի 9-ին իրենց ելույթներով հանդես եկան նաև Նիգերիայի առաջին տիկին Օլուրեմի Թինուբուն, Մալավիի հանրային առողջապահության փորձագետ Քրիստինա Չիլիմբան, GE HealthCare հիմնադրամի կանանց առողջության նախագահ և գործադիր տնօրեն Ջյոտի Գուպտան, Սիջեյ Ժիրարդը PepsiCo-ի միջազգային գործընկերությունից։

«Իմ Քայլը» հիմնադրամի համար գործադիր տնօրեն տիկին Հակոբյանի մասնակցությունը այսօրինակ գլոբալ ակադեմիային նոր հնարավորություն է՝ խորը ճանաչելու հանրային դիվանագիտության ժամանակակից միտումները, ծանոթանալու միջազգային լավագույն փորձերին և զարգացնելու այն առաջնորդական հմտությունները, որոնք կծառայեն Հայաստանի կրթական, հասարակական, սոցիալ-տնտեսական ծրագրերին։

Տիկին Հակոբյանի խոսքով՝ նման միջազգային հարթակներին մասնակցությունը նաև անձնական կրթություն է, որն օգնում է ավելի ազդեցիկ լինել երկրի ներսում նախաձեռնություններ իրականացնելիս՝ կրթության և խաղաղության ոլորտներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում