Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգումը շարունակվում է. Սաշուր Քալաշյանը աշխատանքային խմբում է

Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են:
«Երեկ «Արթուր Թարխանյան կենտրոնի» տարածած հայտարարությունը՝ Հայաստանի ճարտարապետների պալատի անդամ-ճարտարապետների անունից https://www.facebook.com/tarkhanyancenter/posts/pfbid0EJEqUB8AT4FpAWf1ekkjWE8FJcpb9XXNFSeDN1sVbvjm4uNbjT2YvEVv1fwz1XJml, թյուրըմբռնում է առաջացրել շատերի մոտ՝ ստեղծելով տպավորություն, թե Հայաստանի ճարտարապետների պալատը հայտարարություն է տարածել շինարարության դադարեցման մասին, ինչից հետո Ճարտարապետների պալատը հանդես է եկել հայտարարությամբ, որի տեքստն ու հղումը տեղադրում ենք ամբողջությամբ.
https://www.facebook.com/armarchunion/posts/pfbid0dRmxQWeahn9dBPQMTYxUZxhwdutNd2UYqBrFLTX3mnoX6toeHXE1PA7AAVgtv3FBl
«Արթուր Թարխանյան կենտրոնը» տարածել է հայտարարություն Հայաստանի ճարտարապետների պալատի անունից, որը չի համապատասխանում իրականությանը։
Հակառակը՝ Պալատի խորհրդում քննարկումների արդյունքում կայացվել է սկզբունքային որոշում՝ ձեռնպահ մնալ հարցի հանրայնացումից, համարելով այդ ճանապարհն անարդյունավետ, իսկ մասնագիտական տարակարծությունների քննարկումները շարունակել և, անհրաժեշտության դեպքում, ընդունելի լուծումներ որոնել բացառապես մասնագիտական գործընկերային դաշտում, ներգրավելով բոլոր կողմերին։
Եղեռնի հուշարձանի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննարկումները Հայաստանի ճարտարապետների պալատում սկսվել են հանրային մտահոգությունների վերաբերյալ առաջին իսկ ահազանգերից անմիջապես հետո։ Հուշարձանի տարածքում Պալատի խորհրդի անդամների իրականացրած շրջայցից և նախագծի հեղինակային խմբի հետ հանդիպումից հետո, Պալատի դիմումի հիման վրա հրավիրվել է ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Պալատի խորհրդի հինգ անդամներ, այդ թվում՝ Անահիտ Թարխանյանը։
Քննարկման արդյունքում որոշվել է շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցնել՝ շինհրապարակի պատշաճ կահավորման և աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաև շարունակել վերականգնման գործընթացը միայն արդեն իսկ մասնակի քանդված երեք մույթերի հատվածում՝ զուգահեռաբար շարունակելով մասնագիտական քննարկումները հուշարձանի ամբողջական վերականգնման ինժեներական լուծումների և մեթոդաբանության վերաբերյալ։
Սահմանվել է շինաշխատանքների վարման մշտադիտարկում՝ ԿԳՄՍ նախարարի, Պալատի նախագահի և նախագծի հեղինակային խմբի ներկայացուցչի մասնակցությամբ։
Հայաստանի ճարտարապետների պալատը մշտապես եղել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի պահպանության, վերականգնման և արժանապատիվ վերաբերմունքի հարցերի առաջնագծում։ Մենք համոզված ենք, որ նման կարևորության խնդիրները պետք է կարգավորվեն միայն մասնագիտական համագործակցության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։
Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել հավատ, զգոնություն և խոհեմ մոտեցում՝ հանուն հայ ժողովրդի պատմական այս բացառիկ հուշարձանի ամրակայման և պահպանության։
Պալատը շարունակելու է իր հանձնառությունը՝ մասնագիտական հարցերի վերջնական պարզաբանման և անհրաժեշտ շտկումների իրականացման ուղղությամբ։
Հ․Գ․ Զգոնության կոչով դիմում ենք Պալատի անդամներին՝ որևէ հայտարարության միանալիս օգտվել հեղինակին ճշտելու Ձեր իրավունքից, հիշելով, որ Պալատի անունից հայտարարություն տարածել կարող է միայն Պալատը»։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությունը խնդրում է թեման լուսաբանող լրագրողներին գալ, տեսնել հիմնանորոգման աշխատանքների ընթացքը, անել նոր կադրեր և հրապարակումների ժամանակ օգտագործել թարմ կադրեր, ինչպես նաև ճշտել հրապարակվող տեղեկությունները՝ նախքան դրանց տարածումը: Օրինակ, նույն այս թեմայի շուրջ օրեր առաջ արվել էր մեկ այլ հայտարարություն ևս, ասելով թե՝ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը դուրս է եկել աշխատանքային խմբից, մինչդեռ սա նույնպես չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ