Հայ-իրանական սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան

Հայ-իրանական սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով՝ Հայաստան-Իրան սահմանային անցակետի մոտից փոքր և միջին չափի ավտոբուսները ստանդարտ գնով մարդկանց տեղափոխում են Երևան: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ տաքսի ծառայությունները Իրանից Հայաստան ժամանածներից անարդարացի բարձր վճար էին պահանջել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ անցակետում մինչ այս պահը մարդկային կուտակումներ չեն եղել, սահմանը հատող մարդկանց հոսքը սովորական ծավալի է:

«Այնպես որ, հատուկ միջոցառումների անհրաժեշտություն կամ մարդկանց տեղափոխման խնդիր չէին եղել: Սակայն առաջացել էր տաքսիների հետ կապված հայտնի պատմությունը: Ձևավորվել էր  արհեստական գնագոյացում, ինչը անթույլատրելի էր: Հետևաբար, մեր գործընկերների հետ քննարկելով, որոշեցինք, որ կլինեն փոքր և միջին ավտոբուսներ, որոնք արդեն իսկ գործում են: Ավտոբուսներն արդեն մաքսատանն են, դրանց վրա պարսկերենով գրված է, որ մեկ նստատեղն արժի շուրջ 12 000 դրամ: Մարդիկ կարող են նստել ու տեղափոխվել Երևան»,- ասել է Ղուկասյանը:

Մարզպետը պարզաբանել է, որ սահմանը հատողների թվում են նաև մարդիկ, ովքեր աշխատանքով Իրանում էին ու հետո պետք է վերադառնային իրենց երկրներ: Սակայն քանի որ Իրանի օդային տարածքը փակ է, նրանք ցամաքային ճանապարհով՝ Հայաստանով, պետք է մեկնեն. անցակետից հասնեն «Զվարթնոց» օդանավակայան, ապա այնտեղից ուղևորվեն իրենց երկրներ: 

«Հետևաբար, հաշվի առնելով մարդկանց փոքր հոսքը, հումանիտար որևիցե միջամտության անհրաժեշտություն չկա: Մարզի հյուրանոցները նույնպես ստանդարտ զբոսաշրջային թվերի մեջ են: Ինչ վերաբերում է տաքսիստներին, նրանց փոխանցել ենք խիստ զգուշացնել, որպեսզի չօգտվեն այս իրավիճակից: Արդեն իսկ կան տրանսպորտային միջոցներ, որոնք կտեղափոխեն մարդկանց ստանդարտ գներով: Իսկ եթե գնային շուկան կարգավորվի, միգուցե մտածենք հետ քաշելու մասին, որովհետև իրականում այնքան փոքր է մարդկանց հոսքը, որ նման գործողությունների անհրաժեշտություն չկար: Սակայն, քանի որ ստեղծվել էր նման իրավիճակ, որոշեցինք, որ պետք է միջամտենք»,- հավելել է մարզպետը: 

Ըստ Ղուկասյանի՝ ամեն դեպքում, եթե իրավիճակի վատթարացում լինի, Հայաստանի Հանրապետությունը կանի առավելագույնը, ինչ հնարավոր է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում