Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կոնյակի արտահանման հարցում գրանցված առաջընթացին։
«Ինչպես գիտեք Վրաստան այցի ժամանակ պայմանավորվել էինք ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներից՝ հայկական կոնյակի (բրենդի) արտահանման ժամանակ ի հայտ եկած խնդիրները լուծելու համար։ Աշխատանքային խմբի ամենօրյա աշխատանքի արդյունքում այսօր արդեն կարող եմ արձանագրել, որ կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է։ Օրինակ երեկ Վրաստանի գործընկերները մեզ են փոխանցել հերթական տվյալները, ըստ որի, օրվա ընթացքում վրացական Գեզի մաքսակետից կարող էին դուրս գալ շշալցված կոնյակով բեռնված 27 մեքենա։ Եվս 1 մեքենա չէր անցել փորձաքննությունը։ Այս վիճակագրությանը ևս մեկ բան է ապացուցում, որ Հայաստանից դուրս եկող շշալցված կոնյակի ճնշող մեծամասնությունը (այս դեպքում ավելի քան 96%-ը) ունի պատշաճ որակ և համապատասխանում է կոնյակին ներկայացվող բոլոր ստանդարտներին։ Շնորհակալություն եմ հայտնում մեր կոնյակագործներին համբերատարության, ըմբռնման և բարձրորակ արտադրանք թողարկելու համար։ Ի գործ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 30-ին Հռոմում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման հնարավորություններին։
Կարծիքներ