Դեսպանությունը հորդորում է Իրանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն

Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության էլեկտրոնային հասցեի ([email protected]), սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով, ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ ( +98 21 66704833, բջջային՝ +989053774966):
Հիշեցնենք՝ գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Արթնացող առյուծ» գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է իրանական միջուկային ծրագրի դեմ։
Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանի դեմ իսրայելական գործողությունը կշարունակվի «այնքան, որքան անհրաժեշտ է»։
Իրանի կարևորագույն միջուկային օբյեկտում՝ Նաթանզում, մի քանի պայթյուն է լսվել։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ճառագայթման արտահոսքի մասին հաղորդագրություններ չկան։
Թեհրանին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 մարդ է տուժել, որից 35-ը՝ կանայք և երեխաներ, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Իրանական Mehr և Isna գործակալությունները հաղորդել են, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ԻՀՊԿ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին:
Times of Israel-ը նույնպես հայտնել է Բաղերիի մահվան մասին՝ հղում կատարելով Իսրայելի պաշտպանության ուժերի ներկայացուցչին։
Իրանի գերագույն առաջնորդը Հաբիբոլլահ Սայարիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, իսկ Ահմադ Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հրամանատար:
ԱԷՄԳ-ն հաստատել է Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտի վրա հարձակումը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցել և որևէ օգնություն չի ցուցաբերել Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ գրել է. «Մենք նախկինի պես հավատարիմ ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը։ Իմ ամբողջ վարչակազմը ցուցումներ է ստացել՝ Իրանի հետ բանակցություններ վարելու մասին»։
Իրանն Իսրայելին պատասխան հարվածի համար գործի է դրել 200 ինքնաթիռ, որոնք ավելի քան 330 հրթիռ են արձակել, հաղորդել է իսրայելական բանակի ներկայացուցիչը։ Վերջինիս խոսքով՝ Իրանն Իսրայելի դեմ արձակել է նաև ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։
Հիշեցնենք նաև, որ հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաքում Իրանի միջուկային ծրագրի հարցով նախատեսվում էր անցկացնել ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը: Իսրայելի հարձակումից հետո դեռևս հայտնի չէ՝ արդյոք իրանական կողմը կցանկանա մասնակցել բանակցություններին:
Կարծիքներ