Սահմանագծումն ու սահմանազատումը հեշտ գործընթաց չէ, Վրաստանի հետ այդ հարցով արդեն 30 տարի աշխատում ենք. Փաշինյան

Սահմանագծումն ու սահմանազատումը հեշտ գործընթաց չէ, Վրաստանի հետ այդ հարցով արդեն 30 տարի աշխատում ենք. Փաշինյան

Սահմանագծման և սահմանազատման գործընթացը հեշտ աշխատանք չէ: Այդ մասին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ՔՊ կուսակցության համակիրների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Նա հիշեցրեց, որ հարևան Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքները շարունակվում են արդեն 30 տարի, և հաջողվել է համաձայնության գալ ընդամենը սահմանի 60 տոկոսի վերաբերյալ, իսկ 40 տոկոսի շուրջ աշխատանքները շարունակվում են: Հատկապես Ադրբեջանի պարագայում, ըստ նրա, խնդիրներ իհարկե ծագելու են: 

«Մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք այդ հարցը, քանի որ այդ պարիսպը ինչպես մեզ է պետք, այնպես էլ իրենց: Այդ պարիսպը նշանակում է, որ ամեն սարի գլխին զինվոր ունենալու անհրաժեշտությունը վերանում է: Բայց դա չի նշանակում, որ սարը մեզ պետք չի, կամ սարից մենք հրաժարվում ենք, դա նշանակում է, որ սարը պաշտպանված է պարսպով: Եվ սա է մեր մոտեցումն ու դիրքորոշումը: Իրավիճակը, իհարկե, լարված է, ոչ ոք չի ասում, որ ՀՀ քաղաքացին չպետք է մտահոգվի, բայց այդ մտահգությունները եղել են և՛ 10 տարի առաջ, և՛ 15 տարի առաջ: Հակամարտության սկզբից ի վեր մեր երկրում խաղաղություն չի եղել, մենք 30 տարում միշտ զոհեր ենք ունեցել»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում