ԵՄ խաղաղության հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 20 մլն եվրո աջակցություն
ԵՄ Խորհուրդը Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում ընդունել է Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշում։ Խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության համաձայն՝ աջակցության նպատակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի լոգիստիկ կարողությունների ուժեղացումն է՝ կենտրոնանալով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա․ «Այն նաև կբարձրացնի Հայաստանի դիմակայունությունը և կարագացնի զինված ուժերի փոխգործունակությունը՝ ապագայում միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին հնարավոր մասնակցության դեպքում, այդ թվում՝ Եվրոպական միության կողմից իրականացվող առաքելություններին»։
Ընդգծվել է նաև, որ ԵՄ-ն հանձնառու է ամրապնդել Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը՝ հիմնվելով ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի վրա։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը նշել է․ «Եվրոպական խաղաղության հիմնադրամի այս օգնության միջոցառումը ևս մեկ քայլ է դեպի ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն: Այս միջոցառմամբ ԵՄ-ն ցույց է տալիս իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի դիմադրողականությանը, որը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը»:


Կարծիքներ