Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է ԵԱՏՄ բազային պայմանավորվածությունների վերանայումը

Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է ԵԱՏՄ  բազային պայմանավորվածությունների վերանայումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում 2014 թվականին ձեռք բերված բազային պայմանավորվածությունների վերանայումը, այդ թվում՝ միասնական շուկաների ձևավորման ժամկետների հետաձգումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Միության շրջանակներում բոլոր ձեռքբերումների հեռ մեկտեղ պահպանվում են նաև խնդիրները։ 

«Մենք վերանայում ենք 2014 թվականի բազային պայմանավորվածությունները, որոնք ֆիքսված են Միության ձևավորման մասին պայմանագրում, տեղափոխում ենք էներգետիկ, ինչպես նաև դեղորայքի և բժշկական սարքավորումների միասնական շուկաների ձևավորման ժամկետները։ Մենք արձանագրում ենք, որ Միության անդամ ոչ բոլոր երկրներն են պատրաստ միանալ միասնական ֆինանսական շուկային։ Փոխադարձ առևտրի ժամանակ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժի հարցում առկա խնդիրներին մենք ավելացնում ենք նոր խնդիրներ»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։ 

Լուկաշենկոն հավելել է, որ ԵԱՏՄ-ում կաղում է համատեղ նախագծերի ու ծրագրերի ստեղծումն ու իրականացումը՝ չնայած այն հանգամանքին, որ կյանքը ինքն անընդհատ նոր ուղղություններ է բացում, որոնց շուրջ ջանքերի համատեղումը թույլ կտար հասնել մեծ արդյունքի Միության անդամ երկրների տնտեսությունների և ժողովուրդների համար։ 

Նա որպես օրինակ նշել է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ինֆորմացիոն-հաղորդակցային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, էլեկտրատրանսպորտը, միկրոէլեկտրոնիկան, ռոբոտատեխնիկան և այլն։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում