Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները եռապատկվել են. Ավինյանը ներկայացնում է 2026-ի բյուջեն
 
            2026 թվականին Երևանի քաղաքապետարանին պետբյուջեից կհատկացվի շուրջ 56 մլրդ 567 մլն դրամ: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հոկտեմբերի 31-ի համատեղ նիստում ներկայացնելով 2026 թվականի բյուջեի նախագծով Երևանի քաղաքապետարանին նախատեսված ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները:
Տիգրան Ավինյանի տեղեկացմամբ՝ առկա դրամաշնորհային միջոցներով նախատեսվում է 15.1 մլրդ դրամ, սուբվենցիոն ծրագրերով՝ 1.3 մլրդ դրամ, ֆինանսական համահարթեցման սկզբունքով՝ 8.2 մլրդ դրամ և շինաշխատանքների ավարտի համար նախատեսվում է 2.4 մլրդ դրամ, որը հիմնականում Բուսաբանական այգու և Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցման համար է նախատեսված: Մետրոպոլիտենի ենթակառուցվածքի նորոգման համար նախատեսվել է 2.5 մլրդ դրամ, «Աջափնյակ» մետրոյի նոր կայարանի փաստաթղթերի համար նախատեսված է մոտ 2 մլրդ դրամ, իսկ մետրոպոլիտենի սուբսիդիան նվազել է՝ դառնալով 1 մլրդ դրամ:
Քաղաքապետի խոսքով՝ պետական աջակցությամբ իրականացվում են 10 մլրդ դրամի շինարարական տարբեր աշխատանքներ, տարբեր հատվածներում:
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտները եռապատկվել են: Եթե 2023 թվականին Երևանի քաղաքապետարանն ուներ 30 մլրդ դրամից մի փոքր ավելի սեփական եկամուտներ, ապա 2025 թվականին արդեն սեփական եկամուտների մակարդակը հասել է մոտ 92 մլրդ դրամի:
Քաղաքապետը նաև նշել է, որ սեփական եկամուտների աճին զուգահեռ նվազել են պետական բյուջեից հատկացվող գումարները:
Վերոնշյալ հանձնաժողովների համատեղ նիստում մարզպետները ներկայացել են 2026 թվականին մարզերին ուղղված ֆինանսական հատկացումների պատկերը:
Զեկուցողները պատասխանել են նաև պատգամավորների հարցերին:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ