Իշխանությունը յուրացնելու նախապատրաստում․ ԱԱԾ օպերատիվ տվյալներով կա կալանավորված

 Իշխանությունը յուրացնելու նախապատրաստում․ ԱԱԾ օպերատիվ տվյալներով կա կալանավորված

ԱԱԾ-ն սեպտեմբերի 6-ին օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ 52-ամյա Ա. Ս.-ն, դժգոհ լինելով ՀՀ իշխանությունների կողմից վարած քաղաքականությունից, մի խումբ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, 2025թ․ ընթացքում նախապատրաստել է զավթել իշխանությունը, այն է՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ կառավարության լիազորություններին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել սկսել իր դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը։

Բացի այդ, իրավապահները օպերատիվ տվյալներ են ձեռք բերել, որ Ա. Ս.-ն, չհամակերպվելով 44-օրյա պատերազմում որդու կորստի հետ, մի խումբ անձանց հետ, ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով, 2025թ․ ընթացքում նախապատրաստել են ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպանությունը, այն է՝ ապօրինաբար վերջիններիս կյանքից զրկելը, կապված նրանց պետական և քաղաքական գործունեության հետ, սակայն չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցավոր արարքի կատարումը։

ArmLur.am-ը դիմեց ՀՀ քննչական կոմիտեին հասկանալու համար, թե ինչ է բացահայտվել Արարատի մարզում։ Ի պատասխան՝ կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ՝

Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով),

335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը),

43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ և 15-րդ կետերով (սպանության նախապատրաստությունը՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ, մի խումբ անձանց կողմից, ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով),

43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում