Նման գործելաոճ չեմ հանդուրժելու. Նիկոլ Փաշինյանը՝ իր հանձնարարականը ուշացմամբ կատարելու մասին

Նման գործելաոճ չեմ հանդուրժելու. Նիկոլ Փաշինյանը՝ իր հանձնարարականը ուշացմամբ կատարելու մասին

Կառավարությունն ընդունեց որոշում, որով գումար հատկացվեց մեկ անձից գնման եղանակով Հայաստանի ծանրամարտի հավաքականի համար մարզագույք (ծանրաձողեր) ձեռք բերելու համար:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ ծանրամարտի ՀՀ բոլոր տարիքային խմբերի հավաքական թիմերի մարզիկների միջազգային չափորոշիչների համապատասխան մասնագիտացված մարզագույքով մարզումների անցկացման և միջազգային մրցաշարերին լավագույնս նախապատրաստման, ՀՀ ծանրամարտի հավաքական թիմերի՝ Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ուսումնամարզական հավաքների անցկացման նպատակով լրացուցիչ ներդրումների անհրաժեշտություն է առաջացել:

«Անհրաժեշտ ժամանակահատվածում ՀՀ հավաքական թիմերին համապատասխան ծանրաձողերով (5 տղամարդկանց և 2 կանանց) ապահովելու համար առաջարկվում է պետական բյուջեով նախարարությանը հատկացված գումարներից համապատասխան գումարներ տրամադրել և թույլ տալ, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային անհրաժեշտ գույքը ձեռք բերի հրատապ՝ մեկ անձից գնման ձևով»,- ասաց Դումանյանը:

Խնդիրն այն է, որ հավաքական թիմի անդամները մինչև Օլիմպիական խաղերի սկիզբը պետք է որոշակի ժամանակահատված հասցնեն պարապել նոր մարզագույքով:

Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին ՀՀ ծանրամարտի հավաքականի լավագույնս նախապատրաստվելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխման արդյունքում վերջինիս լրացուցիչ հատկացնել ևս 8,420.0 հազար դրամ:

Ձեռք բերվող ծանրաձողերն անհրաժեշտ են Տոկիո-2021 Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար, այսինքն Օլիմպիական խաղերից առնվազն 30 օր առաջ, և նախատեսվում է, որ մատակարարումը կիրականացվի 4-5 օրվա ընթացքում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով. «Այստեղ մի քանի հարց է ծագում: Առաջին հարցը ծագել էր, երբ ես հանդիպում էի ծանրամարտի հավաքականի մարզիկների ու մարզիչների հետ և ինձ համար անակնկալ կերպով իմացա, որ մեր ծանրամարտիկները միջազգային չափանիշներին համապատասխան ծանրաձողեր չունեն, այսինքն` պարապում են ոչ ստանդարտացված ծանրաձողերով:

Մեր հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի ապրիլի 27-ին, այսօր 2021 թվականի հուլիսի 1-ն է, և եթե ես ճիշտ եմ հիշում, Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու այս տարվա օգոստոսին: Առաջին հարցս դա է. Ինչո՞ւ է 2 ամիս անց կայացվում այս որոշումը, և ե՞րբ ծանրաձողերը կլինեն տեղում:

Երկրորդ հարցը, ես խոստացել էի, որ կլինի 20 լրակազմ ծանրաձող: Հիմա ես որոշման նախագծից իմանում եմ, որ 7 լրակազմ ծանրաձողի մասին է խոսքը: Ուզում եմ պայմանավորվենք, որ նման գործելաոճը չեմ հանդուրժելու: Այսինքն, եթե ես ասել եմ՝ 20-ը պետք է լինի, ուրեմն պետք է լինի 20-ը: Կառավարությունը, աշխատակազմերը նրա համար են, որ այդ հարցերի լուծումները գտնեն: Երկրորդ՝ ես որքան հասկացա, այս ծանրաձողերն Օլիմպիական խաղերից հետո են գալու հասնեն Հայաստան:

Եկեք երկար չքննարկենք, հիմա կապահովեք, որ 20 ծանրաձողն օր առաջ լինի հավաքականի տրամադրության տակ: Արագ որոշման նախագիծը վերաձևակերպում եք, գրավոր ընթացակարգով ընդունեմ եք ու համապատասխանեցնում իմ հանձնարարականներին: Պայմանավորվում ենք, որ սա վերջին դեպքն է, որ նման իրավիճակի ենք բախվում: Սա վերաբերում է մեր բոլոր գերատեսչություններին ու պաշտոնյաներին»:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը Վահրամ Դումանյանը նշեց, որ հանձնարարականը ստացել են ապրիլի 30-ին, սակայն Փաշինյանը նրան ընդհատեց. «Դուք այնտեղ նստած եք եղել, նստած է եղել Ձեր տեղակալը, ուրիշ պաշտոնյաներ: Դուք ասում եք երեք օր հետո գրավոր ստացել եք: Ամեն ինչ այդտեղից է սկսվել: Իմ հանձնարարականների իրագործումը պետք է սկսել այն պահից, երբ որ դա հնչում է: Այսինքն՝ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է  իմանա, որ իմ հանձնարարականն անհետաձգելի գործ է: Եթե ես հանձնարարեցի, ուրեմն դա իր համար առաջնահերթություն է»:

Արդյունքում որոշվեց, որ կառավարության որոշման նախագծում փոփոխություն է արվում, որի համաձայն 7-ի փոխարեն ձեռք է բերվելու 20 ծանրաձող:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում