Գիտության բյուջեն 14.3-ից դարձել է 42 մլրդ դրամ․ վարչապետ
Շատ կարևոր է արձանագրել, թե վերջին տարիներին ինչ է տեղի ունեցել Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորման հետ, և պետք է արձանագրեմ, որ 2025 թվականին, 2017 թվականի համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումը աճել է համարյա երեք անգամ՝ 2.8 անգամ կամ 180%-ով։ Այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2017 թվականի 14.3 միլիարդի դիմաց դառնալով 2025 թվականին արդեն փաստացի 42 միլիարդ դրամ։ Ինչի՞ վրա է ծախսվել այս գումարները։ Երկու բանի՝ աշխատավարձերի բարձրացման՝ ատեստավորման միջոցով, և սարքերի, սարքավորումների ձեռքբերման։ Մի երկու ցուցանիշ եմ ուզում, նախ, աշխատավարձերի բարձրացման մասին կիսել։ Օրինակ, լաբորանտ կամ ճարտարագետի աշխատավարձը 67000 նախկինի փոխարեն դարձել է 138000 դրամ, այսինքն՝ կրկնակի աճել է։ Ավագ լաբորանտի աշխատավարձը 76000-ից դարձել է 179000 դրամ՝ կրկնակիից ավել աճել է։ Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 85000 դրամից դարձել է 210000 դրամ՝ կրկնակիից ավել աճել է։
Գիտաշխատողի աշխատավարձը 90000 դրամից դարձել է 276000 դրամ, այսինքն՝ եռապատկվել է։ Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 99000 դրամից դարձել է 343000 դրամ, այսինքն՝ ավելի քան եռապատկվել է։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 114000 դրամից դարձել է 443000 դրամ, համարյա քառապատկվել է։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 138000 դրամից դարձել է 552000 դրամ՝ քառապատկվել է։ Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 129000 դրամից դարձել է 410000 դրամ՝ ավելի քան եռապատկվել է։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 141000 դրամից, ներողություն, դարձել է 477000 դրամ՝ ավելի քան եռապատկվել է։ Շատ կարևոր է նաև արձանագրել, որ 2021-ից 25 թվականներին գրեթե 20 միլիարդ դրամ է տրամադրվել գիտական ոլորտի սարքեր, սարքավորումներ ձեռք բերելու համար, որոնք տրամադրվել են տարբեր գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի, և այս ձեռքբերումների թագն ու պսակը, իհարկե, Երևանի պետական համալսարանի համար պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված արհեստական բանականության կենտրոնն է՝ սուպերհամակարգիչը, որի համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 3.7 միլիարդ դրամ։
Այսինքն՝ սա այն աշխատանքներն էր, ամենաերևացող, որոնք տեղի են ունեցել գիտության ոլորտում, և հարկ եմ համարում կիսել ձեզ հետ, որովհետև համոզված եմ, որ շատերդ պարզապես չգիտեք դրա մասին, որովհետև շատերը չէ, որ խոսում են սրա մասին։ Իհարկե, լավ կլիներ, որ խոսեին, բայց, բայց եթե նույնիսկ ուրիշները չխոսեն, մենք անպայման այս տեղեկատվությունը կկիսենք ձեզ հետ»,-նշել է նա։


Կարծիքներ