Աղմուկ հանած միջադեպով կալանավորվել է Տիգրան Ուլուբաբյանը. ինչ էր ասել ՆԳ նախարարը այս դեպքի հետ կապված

Աղմուկ հանած միջադեպով կալանավորվել է Տիգրան Ուլուբաբյանը. ինչ էր ասել ՆԳ նախարարը այս դեպքի հետ կապված

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված պլանավորված և հետևողական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են վերջինիս և նրա անչափահաս երեխայի ուղղությամբ, ապա ատրճանակի սպառնալիքով պահանջել են ոսկյա զարդեր և գումար, որից հետո Ք.Բ.-ն ննջասենյակից վերցրել և զարդատուփով նրանց է փոխանցել 7 հատ ոսկյա զարդ:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությանն օժանդակելը), Գ.Մ.-ի նկատմամբ՝ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։

Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ազատության մեջ գտնվող Գ.Մ.-ին հայտնաբերելու և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տ.Ու-ի փաստաբան Ռ.Ե.-ն հավաք էր կազմակերպել ի պաշտպանություն իր պաշտպանյալի՝ ներկայացնելով, թե իբր Տ.Ու-ն հանիրավի էր կասկածվում ավազակային հարձակում կատարելու համար»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Նկատենք, որ Տ.ՈՒ,-ն ԼՂ-ից տեղահանված Տիգրան Ուլուբաբյանն է, որը ավելի վաղ պնդել էր, թե ոստիկանությունում իրեն խոշտանգել են և կեղծ մեղադրանքներ են վերագրում: Ընդդիմադիր պատգամավորները և լրատվամիջոցները մեծ աղմուկ էին բարձրացրել նրա հետ կապված՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե Ուլուբաբյանը թիրախավորվում է, քանի որ արցախցի է:

Ավելի վաղ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով այս դեպքին, ասել էր.

«Խոսքը գնում է ԼՂ-ից տեղահանված մեր մեկ այլ հայրենակցի վրա ավազակային հարձակման մասին․ տանը եղել են կին և անչափահաս երեխաներ, կատարվել է ոսկյա իրերի հափշտակություն, և ես հետամուտ եմ լինելու, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր տվյալ հայրենակցի նկատմամբ կատարված հանցագործությունը բացահայտվի, և բոլոր անձինք ենթարկվեն պատասխանատվության։ Ենթադրյալ տուժողի խոսքերով՝ իրեն 8 հոգով ինտեսիվ ծեծի են ենթարկել, այս հարցի քննությունը ևս քննությունը պիտի տա, բայց պիտի նշեմ, որ դատաբժշկական փորձաքննություն եղել է»։

Նախարարի խոսքով՝ Ուլուբաբյանի հայտարարած՝ իր նկատմամբ կատարված գործողությունները փորձագետները չէին հաստատել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում