Կիրառվում են հնարավոր բոլոր մեթոդները, առևանգվելու վարկած չի դիտարկվում. Ցուցուլյանը՝ երեխայի որոնման մասին
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Գեղարքունիքի Ծափաթաղ համայնքում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ժամը 14:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են 150 ոստիկան և 209 փրկարար ծառայող:
Նրա փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքները դեռևս արդյունք չեն տվել:
«Դրանք իրականացվում են հնարավոր բոլոր վայրերում, ստուգվում են բոլոր վարկածները: Այս պահի դրությամբ առևանգման վարկած չի դիտարկվում:
Կիրառում ենք բոլոր տեսակի տեխնիկական միջոցները, տեղում են հատուկ պատրաստություն և որակավորում անցած փրկարարներ»,- նշել է Ցուցուլյանը՝ հավելելով, որ կան բազմաթիվ վարկածներ, ոստիկանությունը բազմապրոֆիլ աշխատանքներ է կատարում, փրկարարներն էլ աշխատում են նրանց հետ համատեղ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
Որոնողական աշխատանքներն ընթացել են ամբողջ գիշեր, աշխատանքներում ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր, տեղի բնակիչներ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ համայնքում շտաբ է ձևավորվել, քարտեզներով տեղաբաշխում են արել ու որոնողական աշխատանքներ կազմակերպել։ Նա նաև մի շարք մանրամասներ է հայտնել:


Կարծիքներ