Թեհրանը բողոքի նոտաներ է ուղարկել Բաքվին՝ Ադրբեջանում իրանցի բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի թեմայով

Թեհրանը բողոքի նոտաներ է ուղարկել Բաքվին՝ Ադրբեջանում իրանցի բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի թեմայով

Թեհրանը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել ադրբեջանական բանտերում Իրանի քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

«Սա կարևոր խնդիր է: Մենք ստացել ենք Ադրբեջանի Հանրապետությունում բանտարկված մեր քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին հաղորդագրություններ: Մենք բազմաթիվ նոտաներ ենք ուղարկել Բաքու՝ արտահայտելով մեր բողոքն ու մտահոգությունը: Բանտարկյալների նկատմամբ պատշաճ վերաբերմունքը, հիմնված մարդու իրավունքների սկզբունքների վրա, մեր օրինական ակնկալիքն է», - Բաղայիի խոսքերն է մեջբերում իրանական Тasnim գործակալությունը։

Պաշտոնյան հիշեցրել է, որ Թեհրանը և Բաքուն համաձայնագիր ունեն դատապարտյալների փոխանցման վերաբերյալ, և այս հարցը գտնվում է Իրանի արտգործնախարարության օրակարգում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում