Ռուսական ուժերը «Բայրաքթար»-ների կառավարման կայան են ոչնչացրել, ուկրաինական ուժերը հարվածել են Բրյանսկի մարզին

ՌԴ պաշտպանության նախարարությունը առավոտյան ճեպազրույցում հայտնել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կառավարման կայանի ոչնչացման մասին։
«Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները Դնեպրոպետրովսկի շրջանում խոցել են ուկրաինական ՄԻԳ-29 կործանիչ։ Ռուսական զորքերը «Օնիկս» բարձր ճշգրտության հրթիռով հարված են հասցրել Օդեսայի շրջանի «Արցիզ» աերոդրոմին, ոչնչացվել է «Բայրաքթարների» կառավարման կայանը»,- հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Կոնաշենկովը նաև հաղորդել է, որ Ուկրաինայի բանակի 14-րդ մեխանիզացված բրիգադը մարտերի մեկ ամսվա ընթացքում ավելի քան 2100 զոհ և վիրավոր է ունեցել։
«Ցածր բարոյահոգեբանական վիճակի պատճառով 800 մարդ, որ պետք է լրացներ այդ կազմավորման կորուստները, հրաժարվել է մեկնել մարտական գործողությունների շրջան»,- հավելել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։
Ռուսական կողմից նաև հայտնել են, որ վաղ առավոտյան ուկրաինական ուժերը հարվածել են Բրյանսկի մարզի Սուզեմկա բնակավայրին։ 1 մարդ վիրավորվել է, վնասվել են շինություններ։
Բացի դրանից՝ ըստ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունների՝ ուկրաինական ուժերը «Ուռագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով հարվածել են Մակեևկային։ 1 խաղաղ բնակիչ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։ Հարվածներ են հասցվել նաև Դոնեցկ քաղաքին։
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից ևս հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից գնդակոծության մասին։
Ուկրաինայում հակամարտության ավարտի մասին կանխատեսումներ է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտերբերգը։ Ըստ նրա՝ պատերազմը կարող է շարունակվել մի քանի տարի։ Ստոլտենբերգը կոչ է արել շարունակել աջակցությունն Ուկրաինային։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Sunday Times-ում հրապարակված հոդվածում նույնպես նշել է, որ հարկավոր է նախապատրաստվել երկարատև պատերազմի։
Աղբյուր՝ Shantnews
Կարծիքներ