8.9 մլրդ դրամ կհատկացվի պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նպատակով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը, վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփմանը, Ադրբեջանի սադրիչ քայլերի և առավելապաշտական նկրտումների հետևանքով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի լարվածությանը, Հայաստանում աշխատատեղերի աճի դինամիկային, առաջին 6 ամսվա տվյալներով եկամտային հարկի հավաքագրման ցուցանիշների տարբերությանը, նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրադրությանը: 8.9 մլրդ դրամ կհատկացվի պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նպատակով Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար կառավարության ներքո հաստատված միջոցներից 8.9 մլրդ դրամ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Ընդհանուր առմամբ, նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը` 50.7կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 44.9կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 1.7կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 4.15կմ: Ակնկալվող արդյունքն է պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում: Նախագծի ընդունումը պայմանավորված է 2021 թվականի համար նախատեսված՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ108+400 – կմ126+100 հատվածի հիմնանորոգման, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ150+700 – կմ167+600 հատվածի հիմնանորոգման, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ374+000 – կմ384+300 հատվածի հիմնանորոգման, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ67+500 փլուզված հատվածի վերականգնման, Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ122+000 – կմ124+000 հատվածում հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերականգնման, Հ-11, Մոտեցում Խոր Վիրապին հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ1+700 հատվածի հիմնանորոգման, Տ-7-52, /Հ-21/ (Արթիկ) – Անուշավան – Փանիկ (Տ-7-53) ավտոճանապարհի կմ0+000 – կմ3+000 հատվածի հիմնանորոգման և Իջևան քաղաքի Սարիբեկ-Օհանյան փողոցի կմ0+000-կմ1+145 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով` շինարարության, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտությամբ:
Կարծիքներ