«Իմ քայլը» հիմնադրամն ամփոփել է 2025 թվականը` վերահաստատելով, որ հաջողության միակ գրավականը կրթությունն է

«Իմ քայլը» հիմնադրամն ամփոփել է 2025 թվականը` վերահաստատելով, որ հաջողության միակ գրավականը կրթությունն է

«Իմ քայլը» հիմնադրամի մեծ ընտանիքը՝ հոգաբարձուների խորհուրդը, աշխատակազմը, գործընկերներն ու տարբեր ծրագրերի շահառուները,  դեկտեմբերի 25-ին ամփոփել են 2025 թվականի գործունեության արդյունքները։ Այս մասին հայտնում է հիմնադրամը:

 

 

«Օրվա գլխավոր խորհուրդն այն էր, որ հիմնադրամը 2026 թվականին շարունակելու է 2024 թվականի վերջին եռամսյակում որդեգրած ռազմավարությունը, որովհետև հիմնադրամի ամբողջ գործունեության հաջողությունը պայմանավորված է կրթությամբ։

 

Հանդիպման ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ներկայացրեց տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքներն ու ձեռքբերումները։

 

 

Նա առանձնահատուկ ուշադրություն դարձրեց հիմնադրամի աշխատակազմի և շահառուների շարունակական կրթության և վերապատրաստման կարևորությանը՝ այն դիտարկելով որպես արդյունավետ, որակյալ և կայուն գործունեության հիմնարար բաղադրիչ։

 

Ներկաները հաստատեցին, որ մասնագիտական կարողությունների զարգացումը նշանակալի դեր է խաղացել Հայաստանի ողջ տարածքում իրականացվող ծրագրերի հաջող իրականացման և յուրաքանչյուրի անձնային աճի ապահովման գործում։

 

Կարևոր ցուցանիշներից մեկն այն է, որ 2025 թվականին հիմնադրամի շահառուների թիվը շուրջ 10 անգամ գերազանցել է 2024 թվականի սկզբի ցուցանիշը։ Այս աճը, բնականաբար, հանգեցրել է ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ բյուջեի ավելի քան երեք անգամ ավելացման, ինչը վկայում է հիմնադրամի գործունեության զարգացման, մեր հայրենակիցների շրջանում հիմնադրամի հանդեպ վստահության բարձրացման, առկա ծրագրերի ընդլայնման և նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների մասին։

 

Այս ցուցանիշները թե՛ ոգեշնչող, թե՛ պարտավորեցնող են՝ շարունակելու առաջ շարժվել՝ զարգանալով և զարգացնելով, սովորելով և սովորեցնելով։

Հատկապես ոգևորիչ էր, որ տիկին Հակոբյանը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ 2025 թվականին հիմնադրամի աշխատակազմի համար իրականացվել և ֆինանսավորվել են ոլորտային 7 տարբեր դասընթացներ և կարճաժամկետ, խտացված վերապատրաստումներ, իսկ ներկայումս հիմնադրամի 5 աշխատակից սովորում են տարբեր բուհերում և ուսումնական կենտրոններում։

Օրվա պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով բարձր գնահատեց հիմնադրամի աշխատանքը, արձանագրված արդյունքները և կրթության կարևորությունը` նշելով. «Եթե մեզ հարց տանք, թե մեր երկրի համար որոնք են երեք ամենակարևոր անհրաժեշտ առաջնահերթությունները, ապա պատասխանն առանց երկմտելու մեկն է՝ կրթություն, կրթություն, կրթություն»։

Ջերմ և հարազատ մթնոլորտում իրենց սրտի խոսքն ասացին նաև հիմնադրամի շահառուներն ու գործընկերները՝ կիսվելով ծրագրերի ընթացքում ունեցած իրենց փորձով, հաջողության պատմություններով և շնորհակալություն հայտնելով հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին ու ողջ աշխատակազմին՝ այդ ճանապարհին ցուցաբերած ներդրման, հոգատարության և ջերմ վերաբերմունքի համար։

Ամփոփիչ հանդիպումը ևս մեկ անգամ վերահաստատեց «Իմ քայլը» հիմնադրամի հանձնառությունը՝ շարունակել իր առաքելությունը՝ հիմնվելով թիմի մասնագիտական զարգացման, թափանցիկ կառավարման և երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրերի իրականացման վրա, որոնք էապես նպաստում են Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում