Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար պետական տուրքի արտոնություններ սահմանող օրենքը
ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Օրենսդրական փոփոխությամբ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար սահմանվում են արտոնություններ՝ դատական ատյաններում իրենց իրավունքների պաշտպանությունը լիարժեք և մատչելի դարձնելու նպատակով:
Գործող կարգավորումներով՝ բռնության ենթարկված անձինք պետական տուրքից ազատված էին միայն պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով: Սակայն փորձը ցույց է տալիս, որ բռնություն գործադրած անձինք հաճախ վարչական դատավարության կարգով բողոքարկում են ոստիկանության կիրառած պաշտպանության միջոցները (նախազգուշացում կամ անհետաձգելի միջամտություն): Նման դեպքերում տուժողները ստիպված էին լինում վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս վճարել պետական տուրք՝ չունենալով արտոնյալ պայմաններ: Սա լրացուցիչ ֆինանսական և հոգեբանական բեռ էր արդեն իսկ խոցելի վիճակում գտնվող անձանց համար:
Վիճակագրությունը փաստում է խնդրի սրությունը. «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի տվյալներով՝ 2021-2025թթ. ընթացքում 324 անձ դատարան չի դիմել բացառապես գումար չունենալու պատճառով: Ընդունված օրենքով պետական տուրքի վճարումից կազատվեն ընտանեկան բռնության ենթարկված այն անձինք, ովքեր դատարան են դիմում հետևյալ հարցերով.
• Բողոքարկման գործընթացներ. Նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ:
• Ընտանեկան հարցեր. Ամուսնալուծության վերաբերյալ հայցեր:
• Երեխաների իրավունքներ. Ծնողական իրավունքների իրականացման, երեխայի բնակության վայրի որոշման, տեսակցության կարգի սահմանման և երեխայի խնամքին ու դաստիարակությանն առնչվող հայցեր:
• Կարգավիճակի հստակեցում. Հայրությունը որոշելու, ծնողական իրավունքները սահմանափակելու կամ դրանցից զրկելու վերաբերյալ հայցեր: Նախագիծը մշակվել է՝ հիմնվելով ոլորտի ՀԿ-ների առաջարկների և միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW) հանձնարարականների վրա:
«Արդեն իսկ ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում գտնվող բռնության ենթարկված անձինք հայտնվում էին կրկնակի անբարենպաստ պայմաններում: Ֆինանսական ծախսերը հաճախ խոչընդոտում էին նրանց դիմել դատարան կամ բողոքարկել դատական ակտերը: Այս փոփոխություններով մենք ապահովում ենք անձի՝ պետությունից արդյունավետ և լիարժեք դատական պաշտպանություն ստանալու իրավունքը»,-նշում է նախագծի հեղինակ Զարուհի Բաթոյանը:
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ [ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի օգնական Օլյա Շահինյան] [098564264/[email protected]]


Կարծիքներ