ԱԺ նախագահը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահին և Սենատի նախագահ Ստեֆանի Դ’Օզիին

Արդյունավետ հանդիպում ունեցա Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյիոյի և Սենատի նախագահ Ստեֆանի Դ’Օզի հետ,- ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մտքեր փոխանակեցինք երկու երկրների խորհրդարանների միջև առկա համագործակցային հարաբերությունների դինամիկ և շարունակական զարգացման շուրջ: Գործընկերներիս ասացի, որ հատկանշական է 2020 թ. դեկտեմբերի 18-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի և դեկտեմբերի 11-ին Բելգիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված Բելգիայի և միջազգային հաստատությունների նախաձեռնություններին սատարելու վերաբերյալ» բանաձևի ընդունումը:
Նաև հատուկ շեշտեցի Բելգիայի Ներկայացուցիչների պալատի 2021 թ. մայիսի 27-ին «Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ՝ ի կատարումն 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության» բանաձևի ընդունման կարևորությունը:
Բելգիացի գործընկերները զրույցի ընթացքում փաստեցին. Բելգիան շահագրգռված է, որ Հարավային Կովկասում հաստատվի տևական խաղաղություն և պատրաստակամություն հայտնեցին աջակցելու Հայաստանին այն ապահովելու հարցում: Նրանք բարձր գնահատեցին հայ համայնքի դերը Բելգիայի հասարակության մեջ»,- գրել է նա:
Կարծիքներ