Ես էլ եմ մի շարք որոշումների վերաբերյալ գոհունակություն հայտնել. վարչապետը՝ նախագահի «շնորհակալության» մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ արտասովոր ոչինչ չկա այն հանգամանքի մեջ, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևին՝ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների համար:
Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում խոսելով այս մասին՝ ՀՀ վարչապետը հավելել է, որ երբ անհրաժեշտ է եղել, ինքն էլ է շնորհակալություն հայտնել։
«Ես մի շարք որոշումների վերաբերյալ իմ հրապարակային գոհունակությունը հայտնել եմ, Ադրբեջանի տարածքով Հայաստան է գալիս հացահատիկ, դիզվառելիք, ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին քննադատենք, էլ չեմ ասում, որ դատափետենք»,- ասել է վարչապետն ու հավելել, որ Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակվի։
Փաշինյանը վստահեցրել է, որ որպես վարչապետ որդեգրել է այդ գիծն ու տանելու է այն առաջ:
«Եթե քաղաքացիները անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ, կոչ եմ անում, որ հեղափոխություն անեն»,- եզրափակել է նա:


Կարծիքներ