Միանշանակ վստահեցնում եմ՝ եթե չլիներ խաղաղության միջավայրը, առնվազն Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա. վարչապետ
«Նախ ասեմ, որ այդ վճիռները, իհարկե, ինձ համար անձնապես էլ, մարդկայնորեն էլ, քաղաքական առումով էլ շատ ցավալի են և ծանր, բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ կոնֆլիկտն ունի իներցիա, և այդ իներցիան հնարավոր չէ մի լծակի գործադրմամբ կանգնեցնել»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Զայեդ» մարդասիրական մրցանակը ստանալու հենց հաջորդ օրը Բաքվի դատարանում Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացված դատավճիռներին:
Լրագրողը հարց է ուղղել, թե դատավճիռների ուժի մեջ մտնելուց հետո հնարավո՞ր է արդյոք, կա՞ շանս, որ նրանց դեռ կարելի է վերադարձնել Հայաստան։
«Բնականաբար, ես արդեն ասացի, որ այդ թեման մշտապես մեր ուշադրության կենտրոնում է, և բնական հարց կծագի. իսկ ո՞րն է այդ թեմայի լուծման վերաբերյալ մեր պատկերացումը: Մեր պատկերացումը նորից խաղաղությունն է, որովհետև խաղաղությունն է այն միջավայրը, որում հնարավոր է այդ խնդիրը լուծել: Կոնֆլիկտի միջավայրում այդ խնդիրն անլուծելի է:
Ես ձեզ բերեմ մի օրինակ և հատկապես այդ օրինակն եմ ուզում բերել. նախորդ ամիս վերադարձան չորս անձինք, մեր հայրենակիցները։
Մյուսների դեպքում չեմ ասի այդ բանը, բայց Վագիֆ Խաչատրյանի դեպքում ես ուզում եմ ձեզ միանշանակ և աներկբա վստահեցնել, որ եթե չլիներ խաղաղության բարելավող միջավայրը, նա չէր վերադառնա, նա չէր վերադառնա Հայաստան, առնվազն չէր վերադառնա հիմա և առնվազն չէր վերադառնա տեսանելի ապագայում: Եվ սա ասում եմ մի շարք մանրամասների տեղյակ լինելով մթնոլորտային առումով:
Եվ նորից խաղաղությունն է միջավայրը, տեսեք, եթե խաղաղությունը չզարգանա, չինստիտուցիոնալացվի, խաղաղության մթնոլորտը չզարգանա, այդ հարցի լուծումը բացառվում է: Խաղաղությունն է այն միջավայրը, որտեղ այդ հարցի լուծումը հնարավոր կդառնա, և նորից ասում եմ՝ Վագիֆ Խաչատրյանի օրինակը ինձ համար շատ կոնկրետ օրինակ է, որը ցույց է տալիս, որ խնդրի լուծման ուղղությունը և ճանապարհն այդ է:
Ընդ որում՝ ես ձեզ մի բան եմ ուզում ասել, Դուք տեղյակ եք, որ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի հետ կապված պրոբլեմներ կային, խնդիրներ կային և այլն, և էմոցիոնալ առումով մեզ համար շատ դժվար էր ռեակցիա չտալ, հայտարարություններ չանել, տարբեր միջազգային ատյաններ չդիմել և այլն, բայց եթե մենք գնայինք այդ ճանապարհով, էլի երաշխավորում եմ, որ Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա։ Ես հասկանում եմ մեր էմոցիաները, ես հասկանում եմ, որ շատ դեպքում, այո, մեզ քննադատում են, ասում են՝ այս դուք արձագանք չունեք, բա ինչո՞ւ է այս ատյանը, այն ատյանը, այդ ատյանը...։ Չնայած ասեմ՝ անհատական ուղղություններով նաև ես գիտեմ, որ իրավական գործընթացներ, այդ թվում՝ միջազգային ատյաններում, կան, բայց կոնկրետ օրինակները մեզ բերում են այն համոզման, որ եթե մենք խաղաղության օրակարգի վրա ենք կենտրոնանում և այս միջավայրում ու մթնոլորտում ձևավորում ենք աշխատանքային որոշակի գործընթացներ, դա բերում է հաջողության:
Այս համատեքստում ես ուզում եմ կիսել տպավորություններ Աբու Դաբիի մեր հանդիպման վերաբերյալ, և երբ մենք արդեն հանդիպման ավարտից հետո, սովորաբար այդպես է լինում, պատվիրակության կազմով հավաքվում, քննարկում ենք, շատ հետաքրքիր էր, որ բոլորս արձանագրեցինք, որ մենք առնվազն սկսել ենք շոշափել այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է: Մենք շատ մոտեցել ենք, նորից եմ ասում, չեմ փորձի ավելի ամբիցիոզ լինել, ընդհակառակը՝ պակաս, բայց մենք շոշափել ենք, արդեն շոշափում ենք այն գիծը, որից հետո խաղաղությունն այլևս անշրջելի է»,- ասել է վարչապետը:


Կարծիքներ