Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործարարը կմնա կալանքի տակ։
Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը նախապես վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով կալանքի որոշումը, սակայն այն մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին։ Դրան ի պատասխան պաշտպանները բողոքը հետ վերցնելու մասին որոշում էին կայացրել՝ նշելով, որ այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, որի նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է։ Չնայած պաշտպանի կողմից բողոքի հետ վերցմանը՝ դատավոր Դանիելյանը գործը չի կարճել։
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։
Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին։
Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Կարծիքներ