Կյանքից հեռացել է իտալացի դիզայներ Ջորջո Արմանին

91 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի նորաձևության դիզայներ Ջորջո Արմանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Armani Group-ի տարածած հաղորդագրությունը։
«Անսահման վշտով Armani Group-ը հայտարարում է իր ստեղծողի, հիմնադրի և անխոնջ շարժիչ ուժի՝ Ջորջո Արմանիի մահվան մասին», - ասվում է նորաձևության տան հայտարարության մեջ։
Արմանին ասոցացվում էր ժամանակակից իտալական ոճի և նրբագեղության հետ։ Նա համատեղում էր դիզայների տաղանդը գործարարի հմտության հետ՝ ղեկավարելով մի ընկերություն, որի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 2,3 միլիարդ եվրո։
Հայտնի որպես «Re Giorgio»՝ Արքա Ջորջո, դիզայները հայտնի էր նրանով, որ վերահսկում էր իր հավաքածուի և բիզնեսի յուրաքանչյուր մանրուք՝ գովազդից մինչև մոդելների սանրվածքը, երբ նրանք դուրս էին գալիս նորաձևության ցուցադրության։
Ընկերությունը հայտնել է, որ շաբաթ և կիրակի օրերին Միլանում կտեղադրվի հուղարկավորության սրահ, այնուհետև տեղի կունենա մասնավոր հուղարկավորություն, որի ամսաթիվը չի նշվում։
Կարծիքներ