Հայտարարությունը հարցեր է առաջացնում՝ թե՛ կողմնակալությամբ, թե՛ նպատակներով. Ֆրանսուա Դևեջյանը՝ «Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առկա հակամարտության վերաբերյալ» վերնագրով հոդվածի ստորագրման մասին

Հայտարարությունը հարցեր է առաջացնում՝ թե՛ կողմնակալությամբ, թե՛ նպատակներով. Ֆրանսուա Դևեջյանը՝ «Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առկա հակամարտության վերաբերյալ» վերնագրով հոդվածի ստորագրման մասին

Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև տարաձայնության շուրջ Սփյուռքի դերի մասին 14 փետրվարի 2026 թ. Սփյուռքի ութ նշանավոր ներկայացուցիչ 2026 թ. փետրվարի 12-ին ստորագրել են «Հայտարարություն Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առկա հակամարտության վերաբերյալ» վերնագրով հոդվածը։

Փաստաբան, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) վերջին ընտրություններում Ազգային խորհրդի կազմում ընտրված, Ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի որդի Ֆրանսուա Դևեջյանը նշում է.

«Այս հայտարարությունը հարցեր է առաջացնում՝ թե՛ իր կողմնակալությամբ, թե՛ իր նպատակներով։

Կասկած չկա, որ ներկայիս հակամարտությունը Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև վնասակար է թե՛ դրա անմիջական դերակատարների, թե՛ ողջ հայության համար։ Սակայն այս հակամարտության պատճառները հեռու են բացառապես միայն Հայաստանի կառավարության վրա բարդվելուց։

Հետևանքները դատապարտել՝ անտեսելով պատճառները, սփյուռքի շրջանում հաճախ հանդիպող միտում է։ Կառավարության միջամտությունը Եկեղեցու կառավարման գործերին նաև (և հատկապես) քաղաքականությանը և նույնիսկ ինքնիշխանությանը միջապտելուն ուղղված Եկեղեցու գործողությունների արդյունք է։

Թեև, իհարկե, իրավացի է պնդումը, որ «եկեղեցական կառավարման հարցերը պետք է լուծվեն Եկեղեցու համապատասխան մարմինների կողմից», սակայն նույնքան անհրաժեշտ է, որ Եկեղեցին իր գործունեությունը ծավալի սեփական սահմաններում՝ հոգևոր և արժեքների ոլորտում։ Եկեղեցու ներգրավվածությունը քաղաքական դաշտում հեռացնում է այն իր համախմբող առաքելությունից և ազգի վերկուսակցական հենասյան իր կարգավիճակից։

Երբ այս միջամտությունն իրականացվում է օտարերկյա ռեժիմի հետ կասկածելի սերտ հարաբերությունների պայմաններում, որի աջակցությունը հայկական ինքնիշխանությանը կարելի է կասկածի տակ դնել, դա լրջորեն ապալեգիտիմացնում է Եկեղեցուն՝ ի վնաս բոլորի։ Այս առումով կարելի է ենթադրել, որ «հայտնի ռուսահայ բարերար և գործարար (...), որը բանտարկվել է Եկեղեցու դիրքորոշումը հրապարակայնորեն պաշտպանելու համար», ոչ այլ ոք է, քան Սամվել Կարապետյանը, որի կապերը Վլադիմիր Պուտինի վարչակարգի հետ հայտնի և հաստատված են առնվազն 2018 թվականից։

Այս հակադրության մեջ սփյուռքի գործիչները մեծապես կշահեին, եթե գործեին որպես իրական միջնորդներ՝ անկախ և օբյեկտիվ։

Պետության դեմ հանդես գալը, պատմությունը վկայակոչելով (որը, ինքան էլ  ուժեղ և օրինական է), չի կարող բացարձակ փաստարկ լինել ապագայի գործողությունների  համար, չի ծառայում ոչ հայերի միասնությանը, ոչ Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, և ոչ Եկեղեցու լեգիտիմությանը։

Հայաստանի Հանրապետությունը ունի ժողովրդավար ճանապարհով ընտրված կառավարություն և պատրաստվում է նոր ընտրությունների, որպեսզի իր քաղաքացիները ազատորեն ընտրեն իրենց ապագան: Եթե հայկական սփյուռքը ցանկանում է օգնել Հայաստանին, ուժեղացնել այն և նպաստել նրա կայունությանը, ապա պետք է աջակցի այս կերտվող ժողովրդավարությանը, այլ ոչ թե նրանց, ովքեր հարձակում են գործում դրա վրա՝ ուղղակի կամ անուղղակի: Ինչ էլ որ լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրությունը, իրենց ապագան որոշելու իրավունքը պատկանում է միայն նրանց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում