Էրդողանը և Զելենսկին ստորագրել են համաձայնագիր Ուկրաինայում Bayraktar-ների արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ

Էրդողանը և Զելենսկին ստորագրել են համաձայնագիր Ուկրաինայում Bayraktar-ների արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Կիևում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Էրդողանի դեմ առ դեմ բանակցությունները տևել են 3 ժամից ավելի։

Ուկրաինական տարբեր լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը ստորագրել են համաձայնագիր Ուկրաինայում Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ։ Ստորագրվել է նաև համաձայնագիր ազատ առևտրի գոտու մասին։

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև որպես միջնորդ հանդես գալու նախաձեռնության համար։

Իր հերթին Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան պատրաստ է հարթակ հանդիսանալ Դոնբասում իրավիճակի կարգավորման համար՝ Մինսկի համաձայնագրերի շրջանակներում։ Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Թուրքիան սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ներառյալ Ղրիմը։

Մինչև բանակցությունների սկսվելը՝ հանդիսավոր արարողության ժամանակ, հնչել են երկու երկրների օրհներգերը, որից հետո Էրդողանն ուկրաինացի զինվորականներին ուկրաիներեն դիմել է «Փառք Ուկրաինային» խոսքերով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում