Ճապոնիան դիտարկում է Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը

Ճապոնիայի իշխանությունները դատապարտում են Բելառուսի գործողությունները՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության ռազմական գործունեությանը աջակցելուն, ինչի կապակցությամբ քննարկում են պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։ Այս մասին երկուշաբթի օրը երկրի խորհրդարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշին։
«Մենք խստորեն դատապարտում ենք Բելառուսի աջակցությունը Ռուսաստանի ռազմական գործունեությանը», - ասել է Հայաշին: «Ճապոնիան դիտարկում է պատժամիջոցներ Բելառուսի քաղաքացիների, այդ թվում՝ պետական պաշտոնյաների նկատմամբ»:
Փետրվարի 27-ին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարեց, որ երկիրը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, և միջոցներ կձեռնարկի հաշիվների սառեցման համար։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ Տոկիոն նույնպես միանալու է արեւմտյան երկրներին SWIFT միջազգային միջբանկային համակարգից ռուսական բանկերի անջատման հարցում։
Ճապոնիայում արգելված են նաև Ռուսաստանի պետական արժեթղթերի հետ գործարքները։ Բացի այդ, Ճապոնիան հայտարարել է Rossiya Bank-ի, VEB-ի և Promsvyazbank-ի ակտիվների սառեցման, ինչպես նաև ռազմական ոլորտի հետ կապված կազմակերպությունների համար ապրանքների արտահանման սահմանափակումների մասին: Միաժամանակ էներգետիկ ոլորտը դուրս է մնացել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների շրջանակից՝ ԱՄՆ-ի և այլ պետությունների հետ համաձայնությամբ։
Կարծիքներ