«Հրապարակ»-ի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, իրականության հետ աղերս չունեն․ ՏԿԵՆ

«Հրապարակ»-ի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, իրականության հետ աղերս չունեն․ ՏԿԵՆ

ՏԿԵ նախարարությունը հերքել է այսօր «Հրապարակ»-ի՝ «Նախընտրական կաշառք են բաժանում» վերտառությամբ նյութը, նշելով, որ նշված պնդումները չեն համապատասխանում իրականությանը, իրականության հետ աղերս չունեն։

 

Կայքը գրել է, որ «Իշխանությունը կառավարության ու համայնքապետարանների կողմից իրականացվող նախաձեռնությունների անվան տակ փաստացի սկսել է նախընտրական կաշառք բաժանել մարդկանց։ ․․․զանգում են գյուղացիներին ու ցուցակագրում տանիքի խնդիր ունեցողներին: Հետաքրքրվում, թե արդյոք տանիքն ասբեստի՞ց է, ու ասում է, որ այն փոխելու են»։

 

Տեղեկացնում են, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է քննարկել ասբեստից պատրաստված տանիքների ծածկաթիթեղները փոխարինելու հարցը՝ դիտարկելով անհատական բնակելի տների, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի և շինությունների ասբեստից տանիքների փոխարինման աշխատանքների համար ներգրավված վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորելու հնարավորությունը, իսկ բազմաբնակարան շենքերի հին տանիքները սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համաֆինանսավորելու հնարավորությունը։

 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է մարզերում պետական աջակցությամբ ապահովել վերոնշյալ շենքերի և շինությունների ասբեստից տանիքների՝ մարդու առողջության համար առավել անվտանգ նյութերով փոխարինման աշխատանքները, նպաստել հանրային առողջության մակարդակի բարձրացմանը երկարաժամկետ կտրվածքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասբեստի բոլոր տեսակները, որակել է քաղցկեղածին։

 

Հետևաբար նախնական հաշվառում, որոշակի հաշվարկներ իրականացնելու և ծրագրին նախնական գնահատական տալու նպատակով համապատասխան հանձնարարական է ուղարկվել ՀՀ մարզպետներին և հանձնարարվել է ՀՀ ՏԿԵ նախարարություն ներկայացնել տեղեկատվություն ասբեստից տանիք ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի և շինությունների և պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վերաբերյալ։

Նախագիծը դեռևս գտնվում է նախնական քննարկումների փուլում։ Այն դեռևս պաշտոնապես չի էլ շրջանառվել։

Հետևաբար նյութի հեղինակի ջանքերը, նախագիծը որակել որպես ընտրակաշառք, մտացածին են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում