Դիլիջանի «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ ՓԾ

Դիլիջանի «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ ՓԾ

ՆԳՆ ՓԾ-ն նոր տեղեկատվություն է հայտնել Տավուշի մարզում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ըստ այդմ, նոյեմբերի 26-ի՝ ժամը 10։30-ի դրությամբ, Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում՝ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։ 

«Մամուլում շրջանառվող տեղեկությունը առ այն, որ հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան, չի համապատասխանում իրականությանը։

Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում։ Տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել․ արձանագրվել են ջերմահարումներ։

Հրդեհի տարածումը դեպի տներ և առողջարան կանխվել է։

Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ և բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին և տարածքի օդային հետախուզությանն աջակցելու նպատակով օրվա ընթացքում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է 22 թռիչք։

Աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

Մամուլում տեղեկություններ են տարածվում հրդեհաշիջման աշխատանքներում կամավորների հավաքագրման վերաբերյալ: Իրավիճակը լիովին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության վերահսկողության տակ է, իսկ կամավորական խմբերի օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի համապատասխան հայտարարություն:  

Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում