Պետք է տեղի ունենա հարատև պետության ռազմավարության իրագործումը՝ ազատ և երջանիկ Հայաստանի տեսլականով. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է իրական Հայաստանի գաղափարախոսության մի դրվագով:
«Պատմություն ասելով՝ հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։
Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլևս ի՞նչ կարող ենք անել։
Կամ եթե նույնիսկ ինչ-որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու և այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։
Ի՞նչ անել ուրեմն։
Լուծումը մեկն է․ պատմություն ասելով՝ նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա։ Այս ընկալումը մեզ դարձնում է պատմության լիարժեք հեղինակ, որովհետև այն ստեղծվում է հիմա և պետք է ստեղծվի վաղը։
Իսկ ի՞նչ է այն, որ տեղի է ունեցել անցյալում․ դա պատմական փորձառությունն է, պատմական փորձը, որը գործնական ձեռնարկ է այն մասին, թե ինչ անել և ինչ չանել պատմությունը չկրկնելու համար։
Այն պատմությունը, որն այսօր ստեղծում է ՀՀ քաղաքացին, դրանով է առանձնահատուկ։ Այն նախկինում երբեք տեղի չի ունեցել, և, թերևս, առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող։
Պատմությունն այլևս այն չէ, որ տեղի է ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա։ Իսկ պետք է տեղի ունենա հարատև պետության ռազմավարության իրագործումը՝ Ազատ և Երջանիկ Հայաստանի տեսլականով։
Ովքեր կիսում են Իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ անկախ նրանից, թե որտեղ և ինչ են աշխատում, աշխատանքի են հաճախում այս տեսլականով։ Լավ օր բոլորիդ»,- գրել է նա:


Կարծիքներ