Ավագ դպրոցի աշակերտները ցույց են կազմակերպել Իտալիայում

Իտալիայի ավելի քան 40 քաղաքների հարյուր հազարավոր ավագ դպրոցի աշակերտներ ուրբաթ օրը դուրս են եկել փողոց՝ պահանջելով փոխել ավարտական քննությունների ձևաչափը, ինչպես նաև ապահովել համապատասխան աշխատանքային պայմաններ նրանց համար, ովքեր համատեղում են ուսումն ու աշխատանքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TGCOM հեռուստաալիքին։
Թուրինում դպրոցականները մտադրվել են ներխուժել Confindustria արդյունաբերական ասոցիացիայի տեղական ներկայացուցչության գրասենյակ, սակայն նրանց կանգնեցրել են կարաբիներները։ Դեռահասների հետ բախումների արդյունքում տուժել է իրավապահ մարմինների յոթ աշխատակից։ Հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավար Լուսիանա Լամորգեզը դատապարտել է տեղի ունեցածը։
Հռոմի կենտրոնում ակցիայի կապակցությամբ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Մասնավորապես, ոստիկանությունը սահմանափակել է երթևեկությունը Կայսերական ֆորումների պողոտայում, որով անցնում էր ցուցարարների ճանապարհի մի մասը։ Ըստ ANSA գործակալության՝ դպրոցականներից ոմանք փորձել են շեղվել համաձայնեցված երթուղուց և սկսել են ձվեր և տարբեր առարկաներ նետել իրավապահների վրա, սակայն ընդհանուր առմամբ Հռոմում ակցիան անցել է առանց լուրջ միջադեպերի։
Կարծիքներ