Խնամատարության ինստիտուտի զարգացումը ոլորտային առաջնահերթություններից է․ Արսեն Թորոսյան

Խնամատարության ինստիտուտի զարգացումը ոլորտային առաջնահերթություններից է․ Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի հաստատությունների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, ինչպես նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և խնամատարության բարեփոխման գործընթացում ընդգրկված ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններին՝ նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ խնամատարության ինստիտուտի զարգացումը ոլորտային առաջնահերթություններից է, և պետությունը շարունակում է իրականացնել հետևողական ու համակարգված քայլեր՝ ուղղված գործող մեխանիզմների կատարելագործմանը և երեխաների լավագույն շահերի ապահովմանը։

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և UNICEF-ի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը ներկայացրել են խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված աշխատանքները, արձանագրված առաջընթացն ու առկա մարտահրավերները։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում