Աշխարհի որոշում կայացնողների մի շատ մեծ մաս լինելու է ՀՀ-ում. Ալեքսանյանը՝ COP17-ի ծախսերի քննադատության մասին

Աշխարհի որոշում կայացնողների մի շատ մեծ մաս լինելու է ՀՀ-ում. Ալեքսանյանը՝ COP17-ի ծախսերի քննադատության մասին

ԱԺ արտահերթ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթների ժամանակ անդրադարձել են COP17 միջոցառման ծախսերին՝ հայտարարելով, թե դեմ են, որ նմանատիպ միջոցառումները վերածվեն պետական գումարների անթափանցիկ ծախսման կամ «միջոցների մսխման»:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները դժգոհել են հեռուստատեսային գովազդների համար նախատեսված գումարից, որը կազմում է մոտ 452 մլն դրամ, «Մերիդիան» էքսպոկենտրոնում ժամանակավոր շինություն կառուցելուծախսերից, ինչպես նաև բրենդային նվերների՝ թերմոսի, բեյջի թելի, էկոպայուսակի, կրծքանշանի գներից:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ կարծիք հայտնելով՝ ընդդիմադիրների կռիվը բեյջի թելի կամ թերմոսի հետ չէ, այլ ՀՀ պետականության:

«Ձեզ ձեռք չի տալիս, որ ՀՀ-ն անկախ պետություն է, ու ՀՀ-ն կազմակերպում է այնպիսի միջոցառում, որին աշխարհի 190 երկրներից մասնակցելու է 15 հազար մարդ, որի տնտեսական էֆեկտը շատ դժվար է գերագնահատել, դժվար է գերագնահատել դրա քաղաքական էֆեկտը: 190 երկրների առաջնորդներ, կառավարության անդամներ, խորհրդարանականներ գալու են ՀՀ: Աշխարհի որոշում կայացնողների մի շատ մեծ մասը օրեր շարունակ լինելու է ՀՀ-ում:

Այս ամենի PR էֆեկտը. համաշխարհային թոփ մեդիաներով անընդհատ հնչելու է Հայաստանի անունը, այդ երկրների հեռուստաընկերություններով է հնչելու Հայաստանի անունը: Բայց դա ձեզ ձեռք չի տալիս, որովհետև ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ գործ ունի քոսոտ ծայրագավառը, իրեն դրել է պետության տեղ, նման միջոցառում է անում: Ձեր ընկալմամբ՝ ՀՀ-ն, որ մաքսիմում կարող է կազմակերպել, Հայաստան-Կալուգա բիզնես ֆորումն է: Դա լավագույն դեպքում, դա Հայաստանի լավագույն ու գերադրական աստիճանով: Ձեզ այս ամեն ինչը ձեռք չի տալիս, դուք դրա հետ չեք կարողանում հաշտվել: Թե չէ գալիս ասում եք՝ թերմոսը… քանի՞ հատ եք առել, փորձեք 15 հազար հատ առնել, տեսնենք՝ ինչ գին են տալիս»,- ասել է Ալեքսանյանը:

Ամփոփելով ելույթը՝ նա հայտարարել է, թե ընդդիմադիրները շարունակում են պայքարել ՀՀ-ի դեմ, ՀՀ-ի՝ աշխարհի քաղաքական քարտեզում իր տեղը ունենալու դեմ՝ միաժամանակ կարծիք հայտնելով, թե այս կռիվը ևս պարտվելու են, իսկ ՀՀ-ն շարունակելու է լինել աշխարհի քաղաքական քարտեզի վրա որպես անկախ պետություն:

«Հայաստանը Կալուգայի հետ քույր մարզ չի դառնալու»,- եզրափակել է Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում