Տարբերակներից մեկը այն է, որ ՀՀ-ն դառնա ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին
«Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունների երկար պատմություն ունի։ Դեռ 2016 թվականին Հայաստանը և Եվրոպական Միությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այն, ըստ էության, վերաբերում է մեր համակարգերի մոտարկմանն ու ստանդարտների ներդրմանը»:
Այս մասին Radio France International-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը նպատակ ունի՞ անդամակցել ԵՄ-ին։
«2018 թվականից հետո մենք շարունակել ենք մերձեցնել հարաբերությունները Եվրամիության հետ։ 2025 թվականին նույնիսկ ընդունվեց օրենք Հայաստանի Եվրոպական Միությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Այդ օրենքն ընդունվեց քաղաքացիական նախաձեռնությամբ»,- նշել է վարչապետը՝ հավելելով.
«Տարբերակներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա Եվրոպական Միության անդամ։ Ինչո՞ւ եմ ասում՝ տարբերակներից մեկը, որովհետև Եվրոպական Միությունը դեռ պետք է որոշում կայացնի իր ընդլայնման քաղաքականության վերաբերյալ։ Միայն անդամակցել ցանկացող երկրի կամ այդ հարցը քննարկող պետության ցանկությունը բավարար չէ։
Այսօր էլ Եվրամիությունում կան տարբեր կարծիքներ՝ պետք է այն ընդլայնվի, թե ոչ։ Հետևաբար այս հարցի պատասխանը նաև դրանից է կախված»:
Սակայն, Փաշինյանի խոսքով, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ռազմավարական նպատակը այլընտրանքներ ստեղծելն է։
«Մենք երկար ժամանակ ապրել ենք այնպիսի միջավայրում և պայմաններում, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ու նրա ժողովուրդը, այդ թվում՝ արտաքին հարաբերություններում, լայն այլընտրանքներ չեն ունեցել։ Մեր խնդիրն այդ այլընտրանքները ստեղծելն է։
Ի վերջո, ցանկացած որոշում կայացվում է կոնկրետ միջավայրում և պայմաններում։ Այլընտրանքներ ձևավորելու մեր նպատակը մեկն է՝ Հայաստանի ժողովուրդը պետք է կարողանա որոշել՝ երկիրը մնա Եվրասիական տնտեսական միության անդամ, դառնա Եվրոպական միության անդամ, թե չլինի ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ԵԱՏՄ-ի անդամ։
Միևնույն ժամանակ մենք ամեն դեպքում շարունակելու ենք բարեփոխել Հայաստանի Հանրապետությունը՝ այն համապատասխանեցնելով Եվրոպական միության ստանդարտներին։ Եթե ինչ-որ պահի Հայաստանը լիարժեք և օբյեկտիվորեն պատրաստ լինի դառնալ ԵՄ անդամ, այդ դեպքում հարցը կրկին կախված կլինի երկու հիմնական սուբյեկտից՝ Եվրամիությունը կցանկանա՞ ընդունել մեզ, և Հայաստանի ժողովուրդը կքվեարկի՞ այդ տարբերակի օգտին։
Նույնիսկ եթե Հայաստանը օբյեկտիվորեն պատրաստ լինի, բայց չդառնա Եվրամիության անդամ, միևնույն է, երկիրը շահած կլինի։ Այդ դեպքում մենք կունենանք պետություն, որը լիարժեք համապատասխանում է Եվրոպական միության ստանդարտներին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։


Կարծիքներ