Պետությունն ու ինքնիշխանությունն այլևս իրողություն են. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է հատված ՀՀ վարչապետի՝ մայիսի 28-ին Սարդարապատում ունեցած ելույթից ու գրել.
«Այս ամենն իրողություն է, պետությունն ու ինքնիշխանությունն այլևս իրողություն են: Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առիթով:
Հատված վարչապետի այսօրվա ելույթից.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցված և համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտված են։ Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք իրականացնում Համաձայնագրի ստորագրման ժամկետների և հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար:
Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված է ակտիվ երկխոսություն,
Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա,
Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված է ռազմավարական գործընկերություն։
Հայաստանի միջազգային հեղինակությունն աճում է տեսանելի կերպով, և այն փաստը, որ 2026 թվականին մեր երկիրը հյուրընկալելու է Եվրոպայի և աշխարհի երկու հեղինակավոր ու մասշտաբային միջոցառումներ՝
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը,
Կենսաբազմազանության կողմերի COP-17 համաժողովը, սրա տեսանելի ապացույցն են։
2025 թվականի կարևորագույն իրողություններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային կետերում այլևս սահմանային հսկողություն են իրականացնում բացառապես մեր երկրի սահմանապահները, մի բան, որ աննախադեպ է։
Մենք շարունակում ենք սերտ հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ,
Միացյալ Նահանգների հետ հաստատել ենք ռազմավարական գործընկերություն,
Հնդկաստանի հետ մեր գործակցությունը խորանում է,
Ֆրանսիայի և Եվրամիության հետ մեր հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա։
Հանրապետությունն ու ժողովրդավարությունն իրողություն են, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն իրողություն է, ինքնիշխանությունը և անկախությունն իրողություն են, պետությունն իրողություն է, և մենք պետք է գնահատենք և փայփայենք այս ձեռքբերումները»:
Կարծիքներ